Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է․ Հաջիև

Բաքուն կրկին հայտարարում է՝ «հույս ունի, որ Հայաստանը կկատարի Զանգեզուրի միջանցքի հարցով իր պարտավորությունները»։

Գերմանական ZDF-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել է, թե «2020 թվականի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անխափան մուտք ապահովել, բայց դեռ չի կատարել իր պարտավորությունը»։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները», - ասել է Հաջիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցքը» և դրանում Մոսկվայի դերը Ռուսաստանի հետդարձի ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս․ Լորենս Բրոերս

Դիտարկմանը, թե անցած տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հարավային շրջանները համարում է ադրբեջանական և հարցին՝ Ալիևի նպատակը Հայաստանից տարածքներ գրավե՞լն է, Հաջիևը նախ պատասխանել է, թե իր նախագահի խոսքը միջազգային լրատվամիջոցները «սխալ են մեկնաբանել», ապա հավելել՝ Ալիևն «այլ բան է նկատի ունեցել»։

«Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի ներկայիս տարածքում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ», - ասել է Հաջիևը։

Ճշտող հարցին, թե Ադրբեջանում քննարկվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը, Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է՝ Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է։

«Ո՛չ, մեզ համար ցանկացած տեսակի ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքում», - ասել է Հաջիևը՝ նշելով՝ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։

«51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանություն և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք: Չպետք է լինի երկակի ստանդարտ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», - եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պահանջում է Սյունիքով ճանապարհ՝ առանց մաքսային հսկողության. Հայաստանը պնդում է ճանապարհների ինքնիշխանության սկզբունքը