Ուկրաինայի նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշանակել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկիին։
Սիրսկին նախկինում եղել է զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը։
«Նա հաջող փորձ ունի պաշտպանության ոլորտում, անցկացրել է Կիևի պաշտպանական գործողությունը, ունի նաև հարձակողական հաջող փորձ՝ Խարկովի ազատագրման օպերացիան», - ասել է Զելենսկին։
Օրեր շարունակ լուրեր էին տարածվում, որ Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Նրանց միջև տարաձայնությունները հրապարակային դարձան անցած աշնանը, երբ Զալուժնին գրել էր, թե պատերազմը փակուղի է մտել, որից դուրս գալու համար Կիևը պետք է փոխի ռազմավարությունը մարտի դաշտում։
Զելենսկին այդ տեսակետի հետ չէր համաձայնել և բարձրաձայն էր խոսել այդ մասին։
Շաբաթներ շարունակված կուլիսային քննարկումներից հետո Ուկրաինայի նախագահը չորս օր առաջ հաստատել էր, որ պատրաստվում է կադրային փոփոխություններ անել իշխող վերնախավում, այդ թվում՝ բանակում:
«Խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ», - ասել էր Զելենսկին հարցազրույցում։