Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դիտարկում է մի քանի պաշտոնյաների փոխարինման հնարավորությունը և ոչ միայն ռազմական ոլորտում։
«Սա այն մարդկանց հարցն է, որ պետք է ղեկավարեն Ուկրաինան»,- ասել է Զելենսկին իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը պատրաստվում է պաշտոնանկ անել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։
«Վերաբեռնում է պետք: Խոսքս պետական մի շարք ղեկավարների փոխարինման մասին է՝ ոչ միայն բանակի ոլորտում։ Ես մտածում եմ այս փոփոխության մասին», - նշել է Զելենսկին։
Փետրվարի 2-ին, The Washington Post-ը, վկայակոչելով գործին ծանոթ երկու անձի, հայտնել էր, որ Կիևը Սպիտակ տանը տեղեկացրել է Զալուժնիին պաշտոնից ազատելու Զելենսկու որոշման մասին։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը փետրվարի 4-ին CBS News-ի եթերում ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերում կադրային որոշումները «ուկրաինական կառավարության գործն են»։
Հունվարի 29-ի երեկոյան ուկրաինական որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հայտարարություններից ժամեր անց, սակայն, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը։
Զելենսկու և Զալուժնիի միջև տարաձայնությունների մասին առաջին հաղորդումները դեռ 2022 թվականի ամռանն էին։ 2023 թվականին, երբ հակամարտությունը սրվեց, մասնավորապես, ամառային հակահարձակման ժամանակ Ուկրաինայի ձախողումների պատճառով, Զալուժնինը հարցազրույց տվեց The Economist-ին՝ ասելով, որ պատերազմը մտել է փակուղի։ Զելենսկին հակադարձել էր՝ նշելով, թե ճակատում իրավիճակը փակուղային չի համարում։