Մատչելիության հղումներ

Կիևը Վաշինգտոնին տեղեկացրել է Զալուժնիին պաշտոնից ազատելու մտադրության մասին


Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի, արխիվ
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի, արխիվ

Ուկրաինայի ղեկավարությունը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիին պաշտոնից ազատելու որոշման մասին։ Այս մասին The Washington Post պարբերականին հաղորդել են երկու անանուն աղբյուրներ։

Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը ոչ աջակցություն, ոչ էլ քննադատություն է հայտնել այդ մտադրության վերաբերյալ, այն ճանաչելով որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերապահված որոշում:

Զելենսկին դեռևս չի հրապարակել Զալուժնիին պաշտոնանկ անելու հրամանագիրը։ Դեռևս կա անորոշություն հնարավոր ժամկետի հարցում, սակայն, ինչպես նշում է The Washington Post-ը, Սպիտակ տանը նախօրոք ծանուցելը Զալուժնիին վերաբերող որոշման մասին վկայում է ԱՄՆ-ի ազդեցիկ դերն Ուկրաինային ռազմաքաղաքական աջակցության ապահովելու գործում:

Նախնական նախազգուշացումը Սպիտակ տանը հնարավորություն է տալիս կոչ անել Զելենսկուն վերանայել նման կարևոր որոշումը, նույնիսկ եթե Ուկրաինայի նախագահն արդեն հայտարարել է այն անշրջելի:

Ըստ պարբերականի, Ուկրաինայում ամենահայտնի ռազմաքաղաքական դերակատարներից մեկը համարվող և ժողովրդականություն վայելող Զալուժնիի հեռանալը կարող է բացասական ազդեցություն գործել զորքերի բարոյական վիճակի վրա և սասանել արևմտյան դոնորների վստահությունն առ այն, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հետ մղել ռուսական զորքերի առաջխաղացումը:

Միաժամանակ, թերթը նկատում է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած քայլ, որը կհակասի Զելենսկու որոշումներին, կարող է ընկալվել որպես չափից դուրս ազդեցության դրսևորում։

XS
SM
MD
LG