Մատչելիության հղումներ

Զելենսկին պատրաստվում է կադրային փոփոխություններ անել իշխող վերնախավում, այդ թվում՝ բանակում


Շաբաթներ շարունակված կուլիսային քննարկումներից հետո Ուկրաինայի նախագահը երեկ հաստատեց, որ պատրաստվում է կադրային փոփոխություններ անել իշխող վերնախավում, այդ թվում՝ բանակում: «Խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ», - ասել է Զելենսկին իտալական Rai News-ին տված հարցազրույցում։

«Մենք նորացման, նոր սկզբի կարիք ունենք։ Եվ այս մասին խոսելիս ես նկատի ունեմ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություն, ընդ որում՝ ոչ միայն ռազմական ոլորտում», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Հարցազրույցից առաջ համառ լուրեր էին տարածվում, որ Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Նրանց միջև տարաձայնությունները հրապարակային դարձան անցած աշնանը, երբ Զալուժնին բրիտանական Economist-ում գրեց, թե պատերազմը փակուղի է մտել, որից դուրս գալու համար Կիևը պետք է փոխի ռազմավարությունը մարտի դաշտում։

Զելենսկին այդ տեսակետի հետ չէր համաձայնել և բարձրաձայն էր խոսել այդ մասին։ Կրքերը, ըստ ուկրաինական ու արևմտյան մի շարք լրատվամիջոցների, թեժացել էին անցած շաբաթ, երբ Վլադիմիր Զելենսկին հանդիպման էր կանչել Զալուժնիին և տեղեկացրել, թե նա ազատված է պաշտոնից։ Այն ժամանակ նախագահականը հերքել էր այս հաղորդումները, երեկ, սակայն, Ուկրաինայի նախագահը հաստատեց, որ կադրային փոփոխությունների շարքում քննարկում է նաև Զալուժնիի պաշտոնանկության հարցը:

«Եթե ուզում ենք հաղթել, բոլորս պետք է նույն ուղղությամբ գնանք, վստահ մեր հաղթանակի մեջ, մենք չենք կարող հուսահատվել, ընկրկել, մենք պետք է ճիշտ և դրական էներգիա ունենանք։ Այդ պատճառով է, որ մտածում եմ նոր սկզբի ու փոփոխությունների մասին», - ասել է նա։

Գեներալ Զալուժնին իր ակնկալվող պաշտոնանկության մասին որևէ բառ դեռ չի ասել, փոխարենը զինակիցներից մեկի հետ լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքում, մակագրելով՝ «դժվար է լինելու, բայց մենք մեր արածի համար երբեք չենք ամաչի»։

Սա առաջին լուրջ ճեղքն է արդեն շուրջ երկու տարի ռուսական ագրեսիային դիմակայող երկրում, որի հիմքում վերլուծաբանները մի քանի պատճառ են նշում։ Նախ, Զելենսկին դժգոհ է ուկրաինական հակահարձակման անցած տարվա տեմպերից, բացի այդ, զնվորականները պահանջում են հավելյալ, առնվազն կես միլիոն զինվոր զորակոչել ռազմադաշտ, մինչդեռ քաղաքական վերնախավը մտավախություն ունի, որ դա կարող է թուլացնել կառավարության դիրքերը։ Սրան գումարած՝ Զալուժնիի վարկանիշն աճում է, ըստ ամենատարբեր հարցումների, մինչդեռ Զելենսկու հեղինակությունը սկսում է նվազել։

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցումները ցույց էին տվել, որ անցած դեկտեմբերին ուկրաինացիների արդեն 62 տոկոսն էր վստահում նախագահին, այն դեպքում, երբ պատերազմի առաջին ամիսներին այդ ցուցանիշը հասնում էր 80 տոկոսի։

Ուկրաինայի նախագահի ինքնիշխան իրավունքն է կադրային որոշումներ կայացնել. Սալիվան

Արդյո՞ք գեներալ Զալուժնիի պաշտոնանկությունը չի ազդի բանակի վրա՝ երեկ հարցրել է CBS-ի թղթակիցը Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականից։ Ջեյք Սալիվանը խուսափել է ուղիղ արձագանքել, թե պաշտոնանկությունը Զելենսկու ներքին խնդիրն է, որին արևմտյան դաշնակիցները մտադիր չեն միջամտել:

«Ուկրաինայի նախագահի ինքնիշխան իրավունքն է կադրային որոշումներ կայացնել։ Մենք շատ հստակ ասել ենք, որ չենք պատրաստվում խառնվել այդ որոշմանը, և դա հստակ փոխանցել ենք ուկրաինացիներին», - ասել է Սալիվանը։

Պաշտոնանկության հրամանագիր ու ժամկետ դեռ չի հրապարակվել, ինչն ըստ վերլուծաբանների, հավելյալ անորոշություն է առաջացնում առանց այդ էլ ծանր դրության մեջ հայտնված ուկրաինական բանակում։

Ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ Ավդիվկայի ուղղությամբ

Ռազմադաշտից ստացվող վերջին տեղեկությունների համաձայն, ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ Դոնեցկի շրջանի Ավդիվկայի ուղղությամբ։ New York Times-ը, հղում անելով ուկրաինացի զինվորներին, գրում է, թե վերջին օրերին ռուսներին հաջողվել է ներխուժել քաղաքի հյուսիսային ծայրամասեր, և նրանք հիմա սպառնում են շարքից հանել մատակարարման ուղիներն ու էլ ավելի խորանալ։

Եթե Ավդիվկան ընկնի, սա կլինի ռուսական ուժերի ամենամեծ հաղթանակը անցած մայիսից՝ Բախմուտը գրավելուց ի վեր՝ առաջխաղացման նոր ճանապարհներ տալով Կրեմլին, որն ուզում է իր վերահսկողության տակ առնել Դոնբասի շրջանն ամբողջությամբ։

Թեժ է իրավիճակը նաև Խարկովի շրջանում։ Ըստ տեղից ստացվող հաղորդումերի, ռուսական կողմն այստեղ ավելի քան 40 հազար զորք, հարյուրավոր տանկեր ու զրահամեքենաներ է կուտակել՝ առաջ շարժվելով դեպի Կուպյանսկ, որը ուկրաինական ուժերը հաջողել էին ետ գրավել անցած տարվա հակահարձակման ժամանակ։

ԱՄՆ-ում առայժմ համաձայնության չեն գալիս Ուկրաինային ֆինանսական օգնությունը հաստատելու հարցում

Ճակատից ստացվող այս տեղեկությունների ֆոնին Նահանգներում առայժմ համաձայնության չեն գալիս ուկրաինական բանակին խիստ անհրաժեշտ ֆինանսական օգնությունը հաստատելու հարցում։ Մինչ օրս հանրապետականները արգելափակում էին նախագահ Բայդենի առաջարկած 60 միլիարդ դոլարի օգնությունը՝ այն կապելով միգրացիայի դեմ պայքարի ու սահմանի ամրապնդման հետ։

Երեկ դեմոկրատները հայտարարեցին, թե ամիսներ շարունակված քննարկումներից հետո ի վերջո համաձայնության են եկել։ Համաձայնեցված փաթեթի տեքստը հրապարակելուց ժամեր անց, սակայն, հանրապետականների խոսնակ Մայք Ջոնսոնը սոցիալական ցանցերում գրեց՝ «սա մեր սպասածից ավելի վատն է, և չի լուծի սահմանային այդ աղետը, որ ստեղծվել է գործող նախագահի շնորհիվ»։

Ներքաղաքական քննարկումները, ըստ ամերիկյան մամուլի, այս պահին էլ շարունակվում են, հաղորդվում է, որ սենատում դեմոկրատ մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը մտադիր է վճռորոշ այս օրենքը քվեարկության դնել առաջիկա չորեքշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG