«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարում է նոր շարժում ձևավորելու մասին

Ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարում է նոր շարժում ձևավորելու մասին։ Նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարում են, թե օրինական միջոցներով պայքարելու են, որպեսզի տապալվի մայր օրենքի փոփոխությունը։

Չնայած իշխանության հերքումներին, վստահ են՝ Երևանը Սահմանադրությունը ցանկանում է փոխել հենց Բաքվի պարտադրանքով։ Պնդում՝ նման փոփոխության դեպքում Հայաստանը կորցնելու է իր անկախությունը։

«Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ մի կազմավորման», - ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարագող Ավետիք Չալաբյանը:

Իշխանությունները շարունակ հերքում են ընդդիմության պնդումները, թե արտաքին ճնշմամբ են ցանկանում նոր Սահմանադրություն ընդունել։ Մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրի հեռացումն է, որում հղում կա Արցախի հարցին ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Արդյոք իշխանությունը նման մտադրություն ունի՞, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարեց՝ դեռ վերջնական որոշում չունեն՝ շեշտելով՝ որոշողը ժողովուրդն է։

«Որևէ բան փոխվելու վերաբերյալ որոշում կայացնողը լինելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Նախ, մենք չունենք որևէ վերջնական եզրահանգում: Վարչապետի Արդարադատության նախարարությունում հայտնի ելույթից հետո բացվել է քննարկում, կա դիսկուրս, որ մենք շատ կարևորում ենք, և այս քննարկման ընթացքում թե՛ մենք, թե՛ քաղաքական ընդդիմությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը կներկայացնեն իրենց դիրքորոշումները և մոտեցումները, հետո, բնականաբար, երբ որ կլինի կոնկրետ նախագիծ, տեքստ, բնականաբար, բոլորս դրա մասին կիմանանք», - ասաց Կոնջորյանը:

«Հայաքվե» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարեցին, որ իրենց առաջնային խնդիրն է՝ թույլ չտալ, որ խորհրդարանն արտոնի սահմանադրական հանրաքվեի նախագիծը, իշխանական պատգամավորների վրա ազդեցություն ունենալով, թե ինչպե՞ս, չեն հստակեցնում։ Բայց վստահ են՝ այդ հնարավորությունը կա։

Իշխանությունները խոսում են նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունից, բայց նախագիծն առայժմ մշակված չէ, վստահեցնում են, մասնագիտական քննարկումները դեռ նոր են սկսելու։

«Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի թույլ չտալը, որպեսզի 72 պատգամավոր արտոնեն այս հակապետական նախագծի դրվելը հանրաքվեի: Ես պետք է ասեմ, որ «Հայաքվե»-ն ունի համապատասխան փորձառություն ազդելու Ազգային ժողովում մթնոլորտի վրա: Մեր նախագիծը, երբ որ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ էր մտնում, այդ քվեարկությանը չմասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ բոլոր 71 պատգամավորները», - ասաց «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցած տարեվերջին մերժել էր «Հայաքվե»-ի հավաքած ստորագրություններով խորհրդարան մտած օրինագիծը, որն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը։ Իշխող խմբակցության 71 անդամից դեկտեմբերի 5-ի քվեարկությանը 57-ն էր մասնակցել, որից 56-ը դեմ էր քվեարկել նախագծին. իշխանական մեկ պատգամավոր՝ Գուրգեն Մելքոնյանը, ձեռնպահ էր մնացել։

Եթե իշխանությունը սկսի նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու գործընթաց, «Հաքավե»-ն «դեմ եմ»-ի քարոզարշավ է սկսելու, ասում են՝ հանրությանը պետք է բացատրեն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Սահմանադրության փոփոխությունը։