Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությանը չի կարող ստիպել գնալ սահմանադրական փոփոխությունների, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել»«Ազատություն». - Ինչպե՞ս էիք կտրուկ հերքում, որ Ալիևի պահանջով չի նախաձեռնվել Սահմանադրության փոփոխությունը, եթե երեկ Ադրբեջանի նախագահն արդեն ինքը շատ բաց դրեց այդ նախապայմանը, ասում է՝ հակառակ դեպքում խաղաղության չի լինելու:
Հակոբյան. - Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությանը չի կարող ստիպել գնալ սահմանադրական փոփոխությունների, սա բացառված բան է, խոսքն արտաքին ուժերի մասին է, որովհետև որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, միգուցե թեզերն այստեղից հուշված թեզեր են, որովհետև մենք բազմիցս տեսել ենք, երբ Ադրբեջանի կողմից ինչ-որ հայտարարություններ են լինում ու սինխրոն ձևով այդ հայտարարությունները այստեղ տարածվում են բազմաթիվ ընդդիմադիր շրջանակների կողմից: Մեր հայտարարությունները միմիայն ուղղված են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի պետականաշինությանը, պետական ամրապնդմանը, գոյությանն ու հարատևությանը:
«Ազատություն». - Անգամ եթե այդպես է՝ դա Ալիևի պահանջով չէ, և Հայաստանի ընդդիմությունն էլ օգտվում է դրանից, միևնույն է՝ Երևանը երբեք չի ասել, նման խոսակցություն կա, հակառակը՝ տարեվերջին վարչապետն ասում էր՝ «մոտ ենք ստորագրմանը», այնինչ, պարզվում է կա մի այնպիսի խոչընդոտ, որը հաղթահարելու համար առնվազն ամիսներ են պետք, մինչև հանրաքվեի հասնի:
Հակոբյան. - Ոչ մեկը մեզ թույլ չի տալու, որպեսզի մենք առանց խոչընդոտ ու շատ արագ հասնենք մեր բոլոր նվիրական ցանկություններին ու նպատակներին: Այս ընթացքում մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են խանգարել, մեզ փորձելու են հետ պահել մեր պետականության հիմքերի ամրապնդումից, բայց մենք և մեր հասարակությունը նույն միտքն ունենք, որ պահին որ այդ տարբերությունը շատ մեծ կլինի, այդ ժամանակ ժողովուրդն իր որոշումն ընտրությունների միջոցով կկայացնի:
«Ազատություն». - Հնարավո՞ր է սահմանադրական հանրաքվեին զուգահեռ նաև անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ որպես նաև ձեր իշխանությանը վստահության արձանագրում:
Հակոբյան. - Ես կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների օրակարգ բացարձակորեն չկա, քաղաքական դաշտում ոչ միայն այդ պահանջը չկա, այլ նաև հասարակության մեջ այդ պահանջը չկա, ու որևէ ժամկետ, որևէ քննարկում, թե սահմանադրական փոփոխությունները երբ պետք է լինեն, ոնց պետք է լինեն, այդպիսի բան չկա:
«Ազատություն». - Այն իմաստով, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագրի» ծրագիրը ձախողվել է. սա ընդդիմության փաստարկն է, այլ բանի համար եք քվե ստացել ու 21-ից անցել է երեք տարի, շուտով կլրանա, ժամանակն է պատասխան տաք դրա համար:
Հակոբյան. - Իհարկե, բայց պառլամենտական ընդդիմությունը ընդհանրապես նման գնահատական տալու քաղաքական իրավունք չունի:
«Ազատություն». - Համարեք՝ դա ընտրողն է ասում՝ որտե՞ղ է անջատում հանուն փրկության սկզբունքով Արցախի անջատումը, Շուշիի, Հադրութի դեօկուպացիան, դրանք են եղել ձեր ծրագրում գրված:
Հակոբյան. - Իշխանության գործունեությունը վարչապետի գլխավորությամբ մի բանի մասին է՝ դա Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի ամրապնդման, զարգացման մասին է: Այլ բան է՝ ինչքանով ենք մենք հաջողում, դա կգնահատի քաղաքացին, կգնահատի ընտրողը, երբ որ լինեն ընտրություններ:
Ստորև կարող եք դիտել հարցազրույցն ամբողջությամբ.