Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել»


«Հայաստանի Սահմանադրությունում և մյուս փաստաթղթերում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Միջխորհրդարանական միության նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևը պնդել է, թե` «Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է և արդեն մի քանի ամիս է, ինչ երկու երկրների սահմաններին հանդարտ իրավիճակ է տիրում»։

Դրա հետ մեկտեղ Իլհամ Ալիևն այսօր պնդում էր, թե Հայաստանը միլիտարիզացիայի քաղաքականություն է վարում և դրան զուգահեռ «աշխարհաքաղաքական խարդավանքների նախաձեռնող է»։

Ադրբեջանի նախագահը նաև Ֆրանսիային կոշտ քննադատության ենթարկելու առիթն այսօր բաց չի թողել՝ պնդելով, թե այդ երկիրը ցանկանում է՝ «Հարավային Կովկասում առաջատար դերակատարություն ստանձնել և ամրապնդել իր դիրքերը։ «Ֆրանսիայի այդ ջանքերը, սակայն, ապարդյուն են», - նշել է Ալիևը։

Միջխորհրդարանական խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն այսօր քննադատում էր նաև եվրոպական կառույցներին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չհաստատման պատճառով։

«Եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվերականգնվեն, Ադրբեջանը կվերանայի Եվրոպայի խորհրդին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին իր մասնակցությունը», - պնդել է Իլհամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG