Հայաստանում իշխող կուսակցությունը, որ Գյումրիում արդեն երկու ամիս ընդդիմություն է, չի թաքցնում նաև մեծությամբ երկրորդ քաղաքում իշխանության գալու մտադրությունը։ Բայց թե ի՞նչ մեխանիզմով, առայժմ պարզ չէ, գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու համար վեց ձայն պակաս ունեն։
«Ընդդիմություն ենք, ընդդիմության նպատակը մեկն է, չէ՞, ընդդիմությունն ամեն քայլ անում է, որ ժամանակի ընթացքում ինքը դառնա իշխանություն: Ժամանակը կգա, երբ որ հասունացավ այն պահը, որ մենք պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, գնանք իշխանափոխության, էդ արդեն կյանքը ցույց կտա: Էդ ժամանակի հարց է, պետք է գանք հասնենք էդ փուլին, իսկ երբ որ էդ պահը հասունացավ, բնականաբար, առողջ քաղաքական պրոցես է, երբ որ էդ պրոցեսը հասունացավ, մենք էլ մեր գործողությունները պետք է կատարենք, ինչպես կատարում են բոլոր այն քաղաքական ուժերը, երբ որ պահը հասունանում է», - ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Մինչ Գյումրիում կորոշեն ինչ սցենարով են իշխանության գալու, Ամասիայում առաջիկա օրերին «Քաղաքացիական պայմանագիրը» համայնքային իշխանության մաս կկազմի, այսօր հրավիրած ասուլիսում պնդեց Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Ինչպե՞ս, երբ ավագանիում կուսակցությունն այժմ ներկայացված չէ, ՔՊ-ականները չհամակերպվելով մեծամասնություն չստանալու հետ, ընտրություններից հետո Ամասիայում մանդատները վայր էին դրել։
«Որոշ ժամանակ անց հայտարարություն կլինի նաև համատեղ համայնքն առաջ տանելու մասին», - նշեց Մուրադյանը:
«Ազատության» հարցին՝ նկատի ունի համատեղ կառավարո՞ւմ, մարզպետը պատասխանեց. - «Հնարավոր է, որ մենք համայնքը փոխգործակցված համատեղ կառավարենք, այո»:
Համատեղ կառավարման մի մոդել էլ Գյումրիում էր գործում, որը 2 տարուց տապալվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում նախկին գործընկերներ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Բալասանյան դաշինքի» միջև լարվածությունը խորանում էԱմասիայի համայնքապետի՝ Ջեմմա Հարությունյանի աշխատանքից ոչ թե դժգոհ են, այլ իրականացվող ծրագրերն են քիչ, պնդեց մարզպետն ու հավելեց, թե համատեղ կառավարմամբ այդ հարցը կլուծեն։
«Մինչ այս պահը ամենաքիչ ծրագրեր, ամենաքիչ պետության հետ աշխատող համայնքն է եղել: Ճիշտ է՝ աշխատանքներ տարվել են, բայց եթե վերցնում ենք համեմատականը՝ մեր մնացած համայնքների, չի երևում այնտեղի աշխատանքը: Հիմա մենք միասնական կփորձենք Ամասիա համայնքը զարգացնել», - ընդգծեց Մուրադյանը:
Ինքը՝ Ջեմմա Հարությունյանն առայժմ զերծ է մնում մեկնաբանությունից, «Ազատությանն» ասաց՝ տեղյակ չէ, թե ինչպես է ավագանի անցած, բայց մանդատները վայր դրած ՔՊ-ն ծրագրում վերադառնալ Ամասիայի կառավարմանը։ Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ համայնքներում իշխանությունը վերցնելով ՔՊ-ն փորձում է համապետական ընտրություններին ընդառաջ ամրապնդել դիրքերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մեր թիմը բացարձակ մտահոգություն չունի, մտավախություն, կա արդար ժողովրդավարական ընտրությունների ճանապարհ կամ առողջ քաղաքական պրոցես», - նշեց մարզպետը:
Մուշեղ Մուրադյանն այսօր ամփոփում էր պաշտոնավարման մեկ տարին, տարբեր ոլորտների արդյունքներից բացի նաև քաղաքական թիմի հաջողություններին անդրադարձավ։ Հատուկ ընդգծեց՝ երբ մարզպետ էր նշանակվում, Շիրակի 6 համայնքներից միայն 2-ում էր ՔՊ-ն իշխանություն։ Մեկ տարում հաջողվեց ևս 2 համայնքում՝ Անիում ու Ախուրյանում իշխանության գալ։
«Մենք Աշոցքում ունենք բացարձակ իշխանություն, մենք Անիում ունենք բացարձակ իշխանություն, Ախուրյանում կատարեցինք իշխանափոխություն, Արթիկում ունենք իշխանություն: Մարզը 6 համայնք է, 4-ում այս պահի դրությամբ մենք իշխանություն ենք», - ընդգծեց նա:
Անցած մեկ տարվա քաղաքական հաջողությունների ֆոնին նա տնտեսականից խոսեց։ Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման գումարն է ավելացել, համայնքներին տրվող դոտացիան։ Ամենակարևորը համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի աճն էր՝ 1 մլրդ 400 մլն դրամով։ Կան նաև դժգոհություններ հատկապես դպրոցաշինության ծրագրերում. և՛ ժամկետների, և՛ որակի հետ կապված խնդիր են արձանագրվում։ Ամենախնդրահարույցը Բերդաշենի դպրոցն է, որի շահագործումը մի քանի տարի է՝ հետաձգվում է։