«Ես էդ մարդը չեմ, որ իմ հանդեպ պատվեր անեն». Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց՝ քաղաքական հետապնդում չկա

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր դատարանում առաջին անգամ պատասխանեց դատավորի հարցերին։ Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող Գասպարյանը հարց ու պատասխանի առաջին իսկ հատվածում հայտարարեց՝ քաղաքական հետապնդում չկա, չի հավատում, որ իրավապահներն իր հանդեպ կարող են նման բան անել, ինքը կենսագրություն ունեցող մարդ է՝ պատվավոր չեկիստ:

«Ես էդ մարդը չեմ, որ իմ հանդեպ անեն պատվեր, ես ունեմ կենսագրություն, ես պատվավոր դատախազ եմ, պատվավոր չեկիստ եմ, պատվավոր Քննչական կոմիտեի աշխատակից եմ», - ասաց նա:

Դատարանում ընթացող քննությունը այսօր դռնբաց շարունակվեց, բայց պայման կար. տեսախցիկների օբյեկտիվներում նախկին ոստիկանապետը չպետք է հայտնվի։ Լրագրողները միայն կարողացան ձայնագրել մեղքը չընդունող Գասպարյանին. - «Իմ հետ քաղաքականությունով չեն զբաղվել, քննություն է եղել, քննել են, ոչ մեկդ ինձ չեք լսել, որ ես ասեմ՝ սա քաղաքական հետապնդում է և այլն»:

Այս գործով մեղադրվում են նաև Գասպարյանի նախկին ենթակաները, այդ թվում՝ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքում մի քանիսն անցնում են կոռուպցիոն տարբեր գործերով

Ըստ իրավապահների՝ Գասպարյանը 1997-2011 թվականներին զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Մյուս դրվագով էլ արդեն ոստիկանապետի պաշտոնում ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին անշարժ գույքեր է հատկացրել։

Գործի մեկ այլ մաս էլ նախկին ոստիկանապետի մյուս դստերը՝ Յուլյա Գասպարյանին է վերաբերում։ Իրավապահները պարզել են՝ ոստիկանությունում աշխատանքի անցնելով նա ոչ մի անգամ գործի չի գնացել, բայց երեք տարիների ընթացքում շուրջ 9 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Ըստ իրավապահների՝ նախկին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանն է փաստաթղթերը ստորագրել ու հաստատել։

«Ես եմ խնդրել Երանոսյանին, որ աշխատանքի ընդունի», - չի թաքցնում նախկին ոստիկանապետը:

«Ես կարծում եմ, որ անհարմար ա զգացել ինձ մոտ այդ հարցերը բարձրացնել, չեմ ողջունում դա, բայց չեմ էլ մեղադրում», - նշեց Գասպարյանը:

Նախկին ոստիկանապետի դուստրն էլ մեղադրյալի կարգավիճակ ուներ, բայց համագործակցելով իրավապահների հետ նա վերականգնել է պատճառած վնասը, համաձայնել է մեղադրանքին, քրեական հետապնդումն էլ դադարեցվել է։

Գասպարյանը բացի այս գործից նաև ապօրինի հարստացման համար է մեղադրվում։