Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և ևս երկու նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը։
Նրանց մեղադրում են նախ պաշտպանության նախարարությունում, ապա ոստիկանությունում տարբեր պաշտոնյաներ զբաղեցնելիս գույք ու պետական միջոցնել վատնելու, կեղծիք թույլ տալու ու այլ հոդվածներով։ Ըստ դատախազության, պետության պատճառել են շուրջ 114 միլիոն դրամի վնաս։
Այսօր նիստին նախկին ոստիկանպետը ներկա էր, թեև ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով դատարանի հարցերին պատասխանելիս թույլտվություն ստացավ նստած խոսելու։
Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը ևս մի խնդրանք ուներ դատարանին՝ շարունակ չընդգծել, թե դահլիճում ինչ դատավարական կարգավիճակ ունի իր պաշտպանյալը՝ նախկին ոստիկանապետը։ Ըստ փաստաբանի, Գասպարյանին «ամբաստանյալ» անվանելը պատիվ չի բերում նրան, քանի որ նա մեծ վաստակի տեր է և արժանի է բացառիկ հարգանքի. - «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պարոն Գասպարյանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարձր հեղինակություն և համապատասխան իրավապահ համակարգում ունի շատ մեծ վաստակ»։
Դատարանը փաստաբանի այս խնդրանքն արձանագրեց և շարունակեց նիստը։
Այս գործի մասին դեռ 2020-ին՝ նախաքննության ավարտին, իրավապահները որոշ մանրամասներ հայտնել էին նախկին ոստիկանապետին առաջադրված մեղադրանքից։ Ըստ դրա, Գասպարյանը ոստիկանության հաշվեկշռի երկու անշարժ գույք ապօրինի հատկացրել էր բնակարանի կարիք չունեցող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, ևս մեկ գույք նվիրել է ոստիկանության զորքերում առանց աշխատանքի գնալու գրանցված և այլ զբաղմունք անձի՝ իր երգուչուհի դստեր պրոդյուսերին։
Գասպարյանի մյուս դուստրը 2015-ից աշխատել է ոստիկանություն՝ կրկին առանց աշխատանքի գնալու, ստացել է տարեկան շուրջ 9 միլիոն դրամ և փոխգնդապետի կոչում։ Համակարգում աշխատանքի էր նշանակել նաև նախկին ոստիկանապետի կինը, տևական բացակայություններով սակայն նա երբեմն աշխատանքի գնացել է, ստացել է գնդապետի կոչում։
Թեև պետությանը պատճառված 114 միլիոն դրամի կեսից ավելին արդեն վերականգնել է, այնուամենայնիվ Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում, հիշեցրեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը. - «Համարում ենք ապօրինի, անհիմն քրեական հետապնդում։ Մեղսագրված արարքները իհարկե իրականության հետ աղերսներ չունեն։ Սա իրավական գործընթաց է, մենք չենք շտապում որակումներ տալ էս հետապնդումներին։ Մեր միակ որակումը այն է, որ սա ապօրինի քրեական հետապնդում է։ Զերծ ենք մնում այլ գնահատականներից»։
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ փոխվել էր նախկին ոստիկանպետի փաստաբաններից մեկը։ Սակայն մինչ հետաձգվել ևս մի հարց քննարկեց դահլիճում։ Հակառուպցիոն դատարաննի դատավոր, նիստը նախագահող Վարդգես Սարգսյանը հայտնեց, որ ինքը նախկինում Վլադիմիր Գասպարյանի ենթակայությամբ է աշխատել ,երկու տարի ռազմական ոստիկանությունում, մեկ տարի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում. - «Այդուհանդերձ նախագահող դատավորը դատավարության կողմերից որևէ մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունի և պատրաստ է օբյեկտիվ քննել սույն գործը, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ նախագահող դատավորը ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես չի եկել։ Նշված հանգամանքները արտացոլված են իմ կենսագրական տվյալներում, որոնք հրապարակված են դատական իշխանության պաշտոնական կայքէջում»։
Նախկին ոստիկանապետի փաստաբանները շահերի բախման խնդիր չտեսան, այս գործով դատավորը չի փոխվի։
Վլադիմիր Գասպարյանը անցնում է նաև մեկ այլ՝ 5 միլիոն դոլարի ապօրինի գույքի գործով։ Իրավապահները Գասպարյանների ընտանիքից պահանջում են պետությանը փոխանցել շուրջ 5 միլիոն դոլարի գույք ու ավելի քան 425 հազար դոլար՝ պնդելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս ունեցվածքը ապօրինի է ձեռք բերել։ Նախկին պաշտոնյան հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ 5 միլիոն դոլարի գույքն ինչպես է՞ ձեռք բերել օրինական թե ապօրինի ճանապարհով։
«Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի», - ասաց նա։