Մատչելիության հղումներ

Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ


Վլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյան

Քրեական հետապնդում է հարուցվել Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյանի) դստեր նկատմամբ՝ վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամի հափշտակությանն օժանդակելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները, որոնք իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե-ն (Լևոն Երանոսյանը)։

«Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն», - ասված է հաղորդագրությունում։

Մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

XS
SM
MD
LG