Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը պատճառած վնասը, քրեական հետապնդումը դադարեցվել է


Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը պատճառած վնասը. ոչ արդարացնող հիմքով՝ համաներմամբ, դադարեցվել է Յուլիա Գասպարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդման՝ այս տարվա հոկտեմբերին Յուլիա Գասպարյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ, Յուլիա Գասպարյանն էլ, միանալով միջնորդությանը, հայտարարել է, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

Յուլիա Գասպարյանը մեղադրվում էր պետական միջոցները վատնելուն օժանդակելու համար։

Նա 2015-ի մարտին նշանակվել է պաշտոնի Հայաստանի ոստիկանության զորքերում և պաշտոնավարել է մինչև 2018-ի մայիսի 10-ը։

Վլադիմիր Գասպարյանի դուստրն, ըստ դատախազության, այդ ընթացքում օժանդակել է այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին, որն էլ վատնել է բյուջեի գումարները, դրանք որպես աշխատավարձ, արձակուրդային և պարգևատրումներ ձևակերպել և փոխանցել մեկ օր անգամ աշխատանքի չներկայացած իր աշխատակցին՝ Յուլիա Գասպարյանին։

Ըստ դատախազության՝ Յուլիա Գասպարյանին երեք տարում փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ։

XS
SM
MD
LG