Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից դեռ ոչ մի մանրամասն չեն հաղորդում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից մեկ օր անց էլ Երևանն ու Բաքուն ոչ մի մանրամասն չեն հաղորդում:

Ի՞նչ հարցերի շուրջ են ընթացել բանակցությունները, արդյո՞ք երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները որևէ դրույթի շուրջ հասել են համաձայնության: Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեն:

Երևանն ու Բաքուն երեկ նույն տեքստը հրապարակեցին՝ ընդամենը տեղեկացնելով, թե կողմերը վեցերորդ հանդիպումն են անցկացրել, ոչ մի բառ քննարկված հարցերի մասին:

Արդյո՞ք սա նշանակում է, որ բանակցությունները տապալվել են: Հարցին իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվում էին պատասխանել՝ պնդելով, թե մանրամասներից տեղյակ չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Ընդդիմությունից մինչդեռ կարծում են, թե այստեղ էլ է Բաքուն շարունակում հստակ պահանջներ ներկայացնել:

«Եթե հաշվառենք այն հայտարարությունները, որոնք հնչում են պաշտոնական Բաքվից ու որոնք հնչում են Երևանից, դրանք ակնհայտ են դարձնում, որ նվազագույնը սկզբունքների առումով, ու առաջին հերթին դրանք քարտեզներն են, որոնք պետք է իրականացվի այդ սահմանազատման, սահմանագծման գործընթացը, Բաքվի ու Երևանի միջև կա բավականին խորը հակասություն», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Հանդիպմանն ընդառաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում էր, թե նախ պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերը, իրավական ակտերի տեսակները, նույնականացվեն քարտեզները:

Ադրբեջանի նախագահը մինչդեռ հայտարարում էր, թե «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»: Այս հակասությունների ֆոնին՝ Ազգային ժողովի նախագահը երեկ ասաց, թե հայկական կողմը այդ բանակցություններից հստակության ակնկալիք ունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մերժում է Երևանի առաջարկները, մյուս կողմից հայտարարում, թե կողմ է պայմանագրի ստորագրմանը

«Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը։ Ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներ, այլ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով: Եվ մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր ու հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ», - նշել է Ալեն Սիմոնյանը:

Երևանն առաջարկում է սահմանազատումն իրականացնել Խորհրդային Միության վերջին՝ 1975 թվականի քարտեզներով, Բաքուն սրան դեմ է, բայց հստակ քարտեզի մասին էլ չի հայտարարում: Ալիևը մեկ խոսում է 1940-60-ականներից, մեկ առաջարկում ավելի հետ գնալ: Եթե ԽՍՀՄ վերջին քարտեզների շուրջ համաձայնություն լիներ, դա, ըստ իշխանության, կնշանակեր ադրբեջանական զորքերի դուրս բերում հայկական օկուպացված տարածքներից, որին ադրբեջանական կողմը դեմ է։

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Երևանն ի սկզբանե պետք է առաջարկեր սահմանազատման հստակ սկզբունքներ ֆիքսել:

«Եթե Նիկոլ Փաշինյանի ակտիվ նախաձեռնությամբ խցկվել է Ալմաթայի հռչակագիրն ու արձանագրությունն այս փաթեթում, այս հարաբերությունների մեջ, ինչո՞ւ ուրեմն որպես կարևորագույն սկզբունք չի դրվում այն պահը, երբ որ սևով սպիտակի վրա արձանագրության մեջ ամրագրված է, որ երկրների համար առկա կամ փաստացի սահման արտահայտությունը վերաբերելի է այդ երկրի պաշտոնապես անդամակցության վավերացման պահից», ասաց Մինասյանը:

Պաշտոնական Երևանը պնդում է, թե սահմանազատման գործընթացում հանձնաժողովները պետք է վերահաստատեն իրավական հիմքերով գծված սահմաններն այնպես, ինչպես դրանք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին: Իսկ նոր սահմաններ գծելու լիազորություն, ըստ արտգործնախարար Միրզոյանի, որևէ մեկը չունի:

«Շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող իրավական հիմքերով գծված սահմանները», - ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Սահմանազատման հանձնաժողովների երեկվա հանդիպումից հետո հայտնի չէ, թե երբ տեղի կունենա հերթական հանդիպումը: