Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրությամբ հրաժարվի Արցախի նկատմամբ իր իրավունքներից, համոզված է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Նրա կարծիքով՝ նախագահ Իլհամ Ալիևը իրականում խուսափելով խաղաղության պայմանագրի ստորագրումից, միաժամանակ ցանկանում է, որ Հայաստանը Սահմանադրությամբ ամրագրի, որ հետագայում Հայաստանի որևէ իշխանություն չի խոսի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր իրավունքներից։
«Այսինքն, Ադրբեջանը, պահանջելով Հայաստանից Սահմանադրության փոփոխություն, միակողմանի կերպով հասնում է ինչ-որ թղթի ամրագրմանը, որով Հայաստանը հետագայում զերծ կմնա Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր իրավունքները ներկայացնելուց՝ ցանկացած իշխանության պարագայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
Հայաստանի արտգործնախարարը երեկ հաստատեց՝ Բաքուն իրավական խնդիրներ տեսնում է Հայաստանի Սահմանադրությունում, միաժամանակ վստահեցնելով, թե Հայաստանն էլ իրավական խնդիրներ է տեսնում Ադրբեջանի մայր օրենքում։ Ադրբեջանի Սահմանադրությունն, ի դեպ, նույնպես հղում է անում այդ երկրի Անկախության ակտին, որով ասվում է, թե Ադրբեջանը ոչ թե Խորհրդային, այլ 1918 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, և պնդում, թե այդ ժամանակ իր իշխանությունը տարածվում էր այն տարածքների վրա, որոնք այժմյան Հայաստանի մի մասն են կազմում՝ խոսքը նաև Սյունիքի մասին է:
«Երկուստեք՝ երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել է այս առումով և այդ խնդիրները ներկայացրել է մյուս կողմին, և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ: Այնպես որ, այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից», - երեկ ասուլիսի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը:
Իհարկե, Միրզոյանը չափազանցություն որակեց, թե Հայաստանի իշխանությունը Սահմանադրությունն ուզում է փոխել խաղաղության գործընթացի շրջանակներում, բայցև այդ հանգամանքը չհերքեց՝ ընդգծելով, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում իրավական խնդիր տեսել են ու ներկայացրել. ՄիրզոյանՄինչդեռ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ էր ներկայացրել դեռ 2021 թվականին, և հարցն այն է, թե ինչու է Փաշինյանն Ալիևի այդ պահանջն այսօր բերել օրակարգ։
Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։
«Այսինքն՝ Հայաստանը պետք է հրաժարվի այն գլխավոր հիմնասյուներից մեկից, որը դրված է հանրապետության հռչակման հիմքում, այսինքն՝ պետք է կառուցվի մի պետություն, որտեղ ոչ մի խոսք չի լինի Լեռնային Ղարաբաղի մասին, այսինքն՝ դրա ամբողջ գաղափարական, իրավական բոլոր հիմքերը պետք է վերացվեն», - ընդգծեց Հայրապետյանը:
«Փաշինյանը կարում է նոր Սահմանադրություն, որը կլինի Ալիևի և Էրդողանի հագով». ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հիշեցնում է՝ վարչապետ Փաշինյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստեղծեց 2020 թվականի պատերազմից հետո։ Եվ եթե այն ժամանակ դեռ հստակ չէր, թե ինչ խնդիրներ են դրվելու այդ մարմնի առջև, ապա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր ամեն ինչ պարզ է դառնում։
Նրա կարծիքով ևս՝ Փաշինյանը Սահմանադրությունից ցանկանում է հանել Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է ոչ միայն Արցախի, այլև «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին»:
«Սահմանադրական այսպես կոչված փոփոխությունները կամ նոր Սահմանադրության ձևավորումը բացառապես Ալիևի և Էրդողանի օրակարգն է, և եթե հիշում եք՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «այս Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով», և հիմա փաստացի ինքը կարում է նոր Սահմանադրություն, որը կլինի Ալիևի և Էրդողանի հագով», - հայտարարեց Աննա Գրիգորյանը:
«Արտգործնախարարը փորձում էր իր դեմքը փրկել»
Թեև Հայաստանի արտգործնախարարը երեկ վստահեցնում էր, որ Հայաստանն էլ իրավական խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, սակայն ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը փաստում է՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ երկրի առաջին դեմքը խոսում է նոր Սահմանադրության մասին, Բաքվում Ադրբեջանի մայր օրենքի հետ կապված որևէ քննարկում չկա։ Ընդհակառակը՝ Բաքվում այսօր մեծ թափով քննարկումներ են ընթանում այն մասին, որ Հայաստանի այսօրվա տարածքն ադրբեջանական հող է։
«Որքան որ Ադրբեջանն է էդ խնդիրը տեսել և ներկայացրել, ինչպես Դուք ասեցիք, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք էդպիսի խնդրի իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից», - երեկ ասաց Արարատ Միրզոյանը:
«Ես կարծում եմ՝ արտգործնախարարը ընդամենը իր դեմքն էր փորձում փրկել, որովհետև նման դիսկուրս Ադրբեջանում չկա», - հակադարձում է Տաթևիկ Հայրապետյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ իր հերթին է հարցնում՝ եթե Արարատ Միրզոյանն ասում է, թե Հայաստանն էլ Ադրբեջանի Սահմանադրության մեջ է իրավական խնդիրներ տեսնում, ինչո՞ւ այդ դեպքում որևէ գործընթաց Ադրբեջանում տեղի չի ունենում։
«Դա հերթական միակողմանի զիջումն է արդեն այս իշխանություններից կողմից», - հայտարարեց Գրիգորյանը:
«Գուցե Անկախության հռչակագրո՞ւմ են պարտադրանքով կետեր հայտնվել»
Իշխանությունից հակադարձելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե Փաշինյանը նոր Սահմանադրություն է մշակում՝ Ալիևի և Էրդողանի պահանջով, հարց են տալիս. - «Իսկ Անկախության հռչակագրում կոնկրետ կետեր կարող է՞ պարզվի, որ ինչ-որ պարտադրանքով են հայտնվել, թե՞ չի կարող նման բան պարզվի»:
«Ես հարց եմ տալիս, էլի, ուղղակի, ոչ մի պնդում չեմ անում: Կարող է՞ պարզվի, որ իրականում էդ պարտադրողները հիմա էլ շարունակում են պարտադրել, բայց արդեն պարտադրում են ներկայիս ընդդիմությանը մեր, ինչ-որ բաներ են պարտադրում, որպեսզի նրանք ասեն», - շարունակեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Չեք բացառում, որ արտաքին ճնշումների ներքո կարող են որոշակի դրույթնե՞ր տեղ գտած լինել այդ հռչակագրում», - «Ազատության» այս հարցին Ալեքսանյանն արձագանքեց. - «Ես հարցնում եմ, եթե իմ հարցը ունի պատսխան, թող էդ ուժերը պատասխանեն էդ հարցին»:
Պատասխանելով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որևէ արտաքին ճնշում կարող լինել Փաշինյանի վրա՝ երկրի մայր օրենքը փոխելու հարցում, իշխող կուսակցության փոխանախագահ Վահագն Ալեքսանյանն ընդգծում է՝ Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում, թե ինչ Սահմանադրությամբ է ապրելու Հայաստանում, և տարատեսակ գործակալական ցանցերն այլևս այդ հարցում ասելիք չեն ունենալու։