Իսրայելն ու «Համաս»-ը սկզբունքորեն պատրաստ են մեկամսյա հրադադարի․ Reuters

Իսրայելն ու «Համաս»-ը սկզբունքորեն պատրաստ են մեկամսյա հրադադարի` պատանդներին վերադարձնելու դիմաց, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր երեք աղբյուրները։

Սակայն, ըստ նույն աղբյուրների, Գազայի հարցի վերջնական լուծման շուրջ կողմերի տարաձայնությունները թույլ չեն տալիս որոշում կայացնել։

Բանակցություններն ընթանում են Քաթարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ։

Reuters-ը նշում է, որ վերջին շաբաթներին Դոհան, Վաշինգտոնը և Կահիրեն կենտրոնացած են եղել իսրայելցի պատանդների տարբեր կատեգորիաների՝ քաղաքացիական անձանցից մինչև զինվորականներ, ազատելու փուլային մոտեցման վրա՝ հրադադարի հաստատման, պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և Գազայի հատված օգնության ավելացման դիմաց։

Axios-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը «Համաս»-ին (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմի ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) է փոխանցել երկամսյա հրադադարի առաջարկ՝ բոլոր պատանդների ազատ արձակման և մահացածների մարմինները վերադարձնելու դիմաց:

Համաձայնագիրը նախատեսում էր նաև իսրայելական բանակի դուրսբերում Գազայի բնակելի կենտրոններից և պաղեստինցիների վերադարձ գոտու հյուսիս։ Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ Իսրայելը մտադիր չէ դադարեցնել գործողությունները Գազայում։

Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից պատանդառված իսրայելցիների հարազատներն երեկ գրոհել էին երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը՝ պահանջելով օրենսդիրներից՝ գործուն ջանքեր ձեռնարկել պատանդներին ազատ արձակելու համար։

«Քանի դեռ դուք այստեղ նստած եք, Գազայում պահվող մեր հարազատները զոհվում են», - նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Գազայում 130 իսրայելցի պատանդ կա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելցի պատանդների հարազատները գրոհել են երկրի խորհրդարանը