Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե դեմ է Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը և այդ դիրքորոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին։
Այդ մասին Նեթանյահուն հունվարի 18-ի երեկոյան է հայտարարել:
ԱՄՆ-ն և աշխարհի շատ երկրներ աջակցում են պաղեստինյան պետության գաղափարին, ինչը պետք է երաշխավորի Իսրայելի անվտանգությունը և նախատեսված է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։
Այդ գաղափարը ենթադրում է պաղեստինյան պետություն, որի տարածքը պետք է ներառի Հորդանանի արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը։
Ավելի քան 15 տարի Գազայի հատվածը գտնվում է «Համաս» արմատական խմբավորման վերահսկողության ներքո: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել և այժմ Գազայի հատվածում ներքաշվել է Իսրայելի հետ պատերազմի մեջ:
Հորդանանի արևմտյան ափի մի հատված գտնվում է Իսրայելի հսկողության տակ, մյուս հատվածում իշխում է Պաղեստինի ինքնավարության վարչակարգը, որը ճանաչվել է ինչպես Իսրայելի, այնպես էլ միջազգային համայնքի կողմից:
Հրեաները Երուսաղեմը համարում են իրենց անբաժան մայրաքաղաքը, մինչդեռ, պաղեստինցիներն էլ, իրենց հերթին, անբաժան մայրաքաղաք են համարում Արևմտյան Երուսաղեմը:
Նեթանյահուի պնդմամբ, նույնիսկ «Համաս»-ի նկատմամբ լիակատար հաղթանակից հետո Իսրայելը պետք է անվտանգությունը երաշխավորելու համար շարունակի հսկողության տակ պահել Գազայի հատվածը և Հորդանանի արևմտյան ափը:
Նա ընդունում է, որ դա հակասելու է Պաղեստինի ինքնիշխանության գաղափարին:
«Ի՞նչ անել, ես այդ մասին ասել եմ իմ ամերիկացի գործընկերներին, ինչպես նաև պահանջել եմ չփորձել մեզ ստիպել մերվել այնպիսի իրողությունների հետ, որոնք հակասում են մեր անվտանգությանը», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն: