Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրապարակավ հայտարարեց, որ առարկում է պաղեստինյան ցանկացած պետականությանը, որը չի երաշխավորի Իսրայելի անվտանգությունը։ Հունվարի 18-ին կայացած ասուլիսում նա ասել է, որ պաղեստինյան պետության բացակայությունը վերջին տարիներին չի խանգարել հարաբերությունների կարգավորմանը արաբական երկրների հետ և ինքը մտադիր է շարունակել այդ կուրսը։
«Պարզաբանեմ, որ տեսանելի ապագայում ցանկացած պայմանավորվածության դեպքում, համաձայնագրով կամ առանց համաձայնագրի, Իսրայելը պետք է անվտանգության վերահսկողություն ունենա Հորդանան գետից արևմուտք ընկած ամբողջ տարածքի վրա։ Դա անհրաժեշտ պայման է։ Սա հակասում է ինքնիշխանության սկզբունքին, բայց ինչ կարող ես անել։ Ես այս ճշմարտությունը ասում եմ մեր ամերիկացի ընկերներն և նաև կանգնեցրել եմ մեզ պարտադրելու փորձերը, ինչը կարող է վնասել Իսրայելի անվտանգությանը», - հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ խոստանալով Գազայի հատվածում շարունակել ռազմական գործողությունները մինչև վերջնական հաղթանակ, «Համաս»-ի ոչնչացումը, իսրայելցի մնացած պատանդների վերադարձը և հավելել, որ դա կարող է ամիսներ տևել։
Նրա ասուլիսից հետո Վաշինգտոնը պնդել է, որ երկու պետություն ստեղծելու լուծումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու միակ իրագործելի ճանապարհն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինյան պետության ստեղծումը կնպաստի Իրանի մեկուսացմանը. ԲլինքենՊետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում ասել է, որ առանց պաղեստինյան պետության ստեղծման, կայուն անվտանգության հասնելու ճանապարհ չկա։
«Երկարաժամկետ մարտահրավերները լուծելու, կայուն անվտանգություն ապահովելու, Գազայի հատվածի վերականգնման կարճաժամկետ մարտահրավերները լուծելու, Գազայում կառավարում հաստատելու և Գազայում անվտանգություն ապահովելու ճանապարհ չկա՝ առանց պաղեստինյան պետության ստեղծման», - ասել է նա։
Նեթանյահուի հայտարարություններին արձագանքել է նաև Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին։
«Սա վարչապետ Նեթանյահուի կողմից նոր մեկնաբանություն չէ։ Մենք ակնհայտորեն այլ կերպ ենք տեսնում։ Մենք հավատում ենք, որ պաղեստինցիները ունեն բոլոր իրավունքները խաղաղ և անվտանգ ապրելու անկախ պետությունում», - լրագրողներին ասել է Ջոն Քըրբին։
Պատերազմից հետո Գազայի հատվածում քաղաքացիական կառավարում ձևավորելու, ապագայում երկու պետություն ստեղծելու Վաշինգտոնի այս դիրքորոշումն էր հիմնականում ընկած պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այս ամսվա սկզբին տարածաշրջանային այցելության բանակցությունների հիմքում՝ Իսրայելի հարևան մահմեդական երկրները պատերազմից հետո կօգնեն Գազայի հատվածի վերականգնմանը, կշարունակեն տնտեսական ինտեգրումը Իսրայելի հետ, կնորմալացնեն հարաբերությունները, բայց եթե Իսրայելը համաձայնվի անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը: Բլինքենը հանդիպել էր Իսրայելի ու տարածաշրջանի գրեթե բոլոր արաբական երկրների առաջնորդների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել՝ արաբական երկրների առաջարկներովԳազայում ռազմական գործողությունները շարունակվում են
Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի բանակը այսօր տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով «Համաս»-ի թունելները, այնտեղ արտադրվող հրթիռների պահեստները։ Իսրայելի բանակի 36-րդ դիվիզիայի հրամանատար Դադո Բեր Կալիֆան տեսանյութում ասում է, որ 20-25 խորությամբ թունելները ստորգետնյա սենյակներ են կապում, որտեղ գտնվում են քիմիական նյութեր և հրթիռներ պատրաստելու արտադրամասեր։
Իսրայելի բանակը նաև պնդում է, որ օդային հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման բարձրաստիճան անդամներից մեկին։
Գազայի հատվածի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի հարվածներից զոհերի ընդհանուր թիվն անցել է 24 հազար 700-ը, ավելի քան 62 հազար մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմը հաղորդել էր շուրջ 1400 զոհի մասին։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։