Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել՝ արաբական երկրների առաջարկներով


Արաբական մի քանի երկրներ և Թուրքիան պատրաստ են համակարգել ջանքերը Միացյալ Նահանգների հետ՝ Գազայի վերականգնման, տարածքի քաղաքական ապագան որոշելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը տարածաշրջանային այցով եղել է Թուրքիայում, Հունաստանում, Հորդանանում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններու և Սաուդյան Արաբիայում։

Երեկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ հանդիպումից հետո, Բլինքենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչն «ակնհայտ շահագրգռված է» Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում՝ Գազայում պատերազմի ավարտի ու պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ գործնական քայլերի պայմանով։

«Շահագրգռվածությունը կա, այն իրական է, այն կարող է փոխել իրավիճակը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Այսօր և վաղը Բլինքենը կհանդիպի Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության ղեկավարության հետ, կքննարկի Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները։ ԱՄՆ պետքարտուղարն իր տարածաշրջանային այցը կավարտի Եգիպտոսի նախագահի հետ հանդիպումով։

Սա երեք ամսվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի չորրորդ այցն է Մերձավոր Արևելք։ Սպիտակ տան գլխավոր նպատակը, ըստ ամերիկացի փորձագետների, Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) միջև հակամարտությունը տարածաշրջանային հակամարտության չվերածելն է։

XS
SM
MD
LG