Քվինն ու Պապիկյանը քննարկել են ընդլայնվող համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ օրակարգում նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր էին։

Ընթրիքը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի հրավերով։

ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ Քվինն ու Պապիկյանը քննարկել են ընդհանուր առաջնահերթություններն ու ընդլայնվող համագործակցությունը պաշտպանական ոլորտում։

«Միացյալ Նահանգներն արժևորում է իր երկարամյա փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ խաղաղապահ գործողություններում, ռազմական կրթության ասպարեզում, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ ձևավորված գործընկերությունը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում», - ասել է դեսպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը հայտնել է Նահանգների պատրաստակամությունը՝ ՀՀ-ի հետ ռազմական մի շարք ոլորտներում համագործակցության