Դիտորդների թիվը 138-ից 209-ի կհասնի մինչև այս տարվա սեպտեմբեր, «Ազատության»-ը հայտնեցին Հայաստանում Եվրամիության առաքելության գրասենյակից՝ առանց հստակեցնելու, թե այս պահին քանի նոր դիտորդ է միացել անձնակազմին:
Քաղաքացիական առաքելությունը երեկ ողջունել էր դիտորդների թիվն ավելացնելու Եվրամիության խորհրդի որոշումը՝ շեշտելով, թե դա ընդգծում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը Եվրամիության հանձնառությունը: Սրան նախորդել էին Ադրբեջանից հնչած կոշտ հայտարարությունները։
Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցից հետո հայաստանյան քաղաքական և փորձագիտական դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները, թե Ադրբեջանը հնարավոր է գնա ռազմական էսկալացիայի ճանապարհով։ Եվրոպացիների ներկայությունը Հայաստանի սահմաններին կարևոր է, սակայն անվտանգային խնդիրների հարցում, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ, նրանց ազդեցությունը, սահմանափակ է:
«Այնուամենայնիվ, դա այն գործոններից մեկն է, որն ինչ-որ դեր կատարում է այս տարածաշրջանային նոր բալանսը, ստատուս քվոն ապահովելու հարցում: Այսինքն՝ ինչ-որ չափով, իհարկե, զսպող գործոն է հենց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում», - ասաց Գրիգորյանը:
Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից հետո: Տեղակայումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուրջ բախումներ չեն եղել։
Դիտորդների թիվը 138-ից 209-ի հասցնելու որոշում Բրյուսելը կայացրեց անցած տարեվերջին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից և հայաթափումից հետո: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը ևս վստահ է՝ անկախ թվի ավելացումից դիտորդների ներկայությունը չէ, որ Ադրբեջանին կզսպի:
«Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու որոշումը Բաքվում չէ, որ կայացվելու է: Ադրբեջանը կհամարձակվի այդ քայլին դիմել, եթե դա լինի ռուս-թուրքական համաձայնության արդյունք, սա մենք պետք է հասկանանք: Այսինքն՝ Ադրբեջանն ինքնագլուխ նման քայլի չի դիմի», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե սահմանին մոնիթորինգ իրականացնելուց բացի բանակցություններ են ընթանում նաև դիտորդների որոշ գործառույթներն ավելացնելու ուղղությամբ, այդուհանդերձ, այս պահին հայտարարվել է միայն կազմի ընդարձակման մասին: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումը, առաքելության մանդատի ուժեղացման հնարավորություն գրեթե չի տեսնում:
«Տվյալ պարագայում, իհարկե, դժվար է ինչ-որ հավելյալ գործառույթներ պատկերացնել, մեծ հաշվով, մոնիթորինգն իրենց հիմնական գործառույթն է, պարզ է նաև, որ այս առաքելությունը խաղաղապահ առաքելություն չէ, այսինքն, ուղղակի ինչ-որ ներգրավվածություն այս գործընթացների մեջ չի կարող ունենալ ու էսկալացիայի պարագայում պարզ է, որ այդ առաքելության անդամները առաջին հերթին էվակուացվելու են այդտեղից, այլ ոչ թե փորձելու են հանդարտեցնել իրավիճակը», - նշեց Գրիգորյանը:
Դիտորդական առաքելությունը երեկ հայտնեց, թե 1500-րդ պարեկային այցն են կատարել Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Դրանից մեկ օր առաջ էլ Բրյուսելից ընդգծեցին, թե հստակ ուղերձներ են փոխանցում Բաքվին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ-ը ավելացնում է Հայաստանում դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. ԲորելԵՄ-ը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. ՄարագոսՓորձագետների գնահատմամբ՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար եվրոպացիները պետք է Բաքվին հստակ ներկայացնեն, թե ինչ գին է վճարելու դրա համար:
«Ինչ-որ սմվոլիկ քայլեր չպետք է լինեն, եթե Եվրամիությունը լուրջ է տրամադրված այս հարցում, այսինքն, նպատակ ունի զսպել Ադրբեջանին իր ագրեսիվ քաղաքականության մեջ, ապա պետք է հստակ հետևանքների մասին կարողանա խոսել Բաքվի հետ: Օրինակ՝ եթե լինի հարձակում, տնտեսական փոխգործակցությունը Ադրբեջանի հետ կասեցվելու է», - ասաց Տիգրան Գրիգորյանը:
Արմեն Բաղդասարյանն էլ նշեց. - «Արևմուտքի դիրքորոշում է նաև պատճառներից մեկը, որ առ այսօր Ադրբեջանը նման ագրեսիայի չի դիմել, բայց կարող է գալ ինչ-որ պահ, երբ որ շահերի բախումը աշխարհի ուժային բևեռների միջև հասնի այնպիսի կուլմինացիոն կետի, որ նույն Արևմուտքն ավելի նպատակահարմար համարի Ռուսաստանին այստեղից դուրս մղել՝ թեկուզ Հայաստանի մի մասը պոկելու ու դա ռուս ադրբեջանական տանդեմի վերահսկողությանը թողնելու համար»:
Վերադառնալով քաղաքացիական առաքելությանը՝ նրանք իրենց աշխատանքն իրականացնում են 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։