Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա. Լավրով

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ փաստացի հերքելով այդ մասին արդեն երեք տարի Բաքվից հնչող հայտարարությունները։

Սերգեյ Լավրովը վերահաստատել է նաև հայկական կողմի դիրքորոշումը, թե Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ճանապարհը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության տակ, միաժամանակ պնդել, թե այդ ճանապարհի անվտանգությունը ռուս սահմանապահները պետք է վերահսկեն. մի բան, որին ընդդիմանում է պաշտոնական Երևանը:

«Վարչապետ Փաշինյանը ինչ-որ տեղ ասել է, թե Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ձեռք բերված համաձայնագրերի շրջանակներում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին և որը կանգնեցրել էր պատերազմը, ասված է, որ բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը և որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության ավտանգությունը արևմտյան Ադրբեջանի և Նախջևանի միջև երկու ուղղություններով, այդ տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկելու են Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները։ Սա, փաստացի, մեջբերում է այն եռակողմ հայտարարությունից, որ ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հայաստանի վարչապետը մի քանի անգամ, վերջինը՝ անցած շաբաթ հայտարարել է, թե նման բան չկա գրված. - «Ոչ մի տեղ գրած չի, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան

Լավրովը, մինչդեռ, պնդել է, թե պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները եռակողմ հանդիպումներում քննարկել ու անգամ համաձայնեցրել են հաղորդակցության ուղիների բացման չափորոշիչները:

«Դրա չափորոշիչները նշված են եռակողմ համաձայնագրում։ Ճանապարհն անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով ռուսական սահմանապահների վերահսկողության տակ։ Ինչպես նաև համաձայնեցված էին բոլոր մաքսային և սահմանային վերահսկման ընթացակարգերը», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ և՛ Պուտինը, և՛ Ալիևը նույնպես պնդել են, թե եղել է պայմանավորվածություն, որ ռուս սահմանապահները պետք է վերահսկեն Նախիջևանը Ադրբեջանի հիմնական հատվածի հետ կապող ճանապարհը։ Մոսկվան նույնիսկ շրջանառության մեջ էր դրել ջենթլմենական համաձայնագիր արտահայտությունը։ Ամեն դեպքում Երևանը սա չի ընդունում, բայց և հայտնի չէ, թե ապաշրջափակվող ճանապարհի ինչ չափորոշիչներ են այսօր օրակարգում։

Ըստ Լավրովի, կողմերի միջև պայմանավորվածություն է եղել, որ սկզբում պետք է բացել երկաթուղին, ինչը, ըստ ռուսական կողմի, քննարկվել է նաև Պուտինի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ։ Սերգեյ Լավրովը ենթադրել է, թե այդ պայմանավորվածությունների կատարմանը հավանաբար Արևմուտքն է խանգարել, որն ըստ Լավրովի, ուզում է Ռուսաստանը դուրս մղել Հարավային Կովկասից։

Պաշտոնական Երևանը բազմիցս է հակադարձել, թե հենց Ռուսաստանն է դրժել ու դրժում իր պարտավորությունները, հիշեցրել, որ հենց ռուս խաղաղապահների աչքի առջև Ադրբեջանը անցած սեպտեմբերին հարձակվեց ու հայաթափեց Ղարաբաղը։ Արձագանքելով այդ քննադատություններին, Լավրոն այսօր կրկին պնդել է, թե տեղում իրավիճակ էր փոխվել՝ Հայաստանի իշխանությունների կամքով:

«2020-ին ու դրանից հետո ստորագրված փաստաթղթերում Ղարաբաղի տարածքը բնութագրվում էր որպես ռուս խաղաղապահ առաքելության գետի, երեք երկրների առաջնորդների միջև եղել է ըմբռնում, որ կարգավիճակի հարցում բանակցությունները պետք է շարունակվեն, որպեսզի այդ հարցը վերջնականապես հստակեցվի: Եվ մեր զարմանքը մեծ էր, երբ Պրահայում հաստատեցին փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի համաձայն», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Հայաստանի վարչապետը ամիսներ առաջ հակադարձեց՝ Ալմա Աթայի հռչակագրին հղում անելիս «իր նպատակը ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էր, այլև՝ Հայաստանի»:

«Էդ Ալմաթիի հռչակագրի մասին, որ էդքան նշում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Ես հասկանում եմ, որ ձեր քաղաքական, գուցե ձեր ներքին վարկածն այն է, որ ես դա արել եմ հանուն Ադրբեջանի, էդ է համենայնդեպս ձեր քաղաքական նարատիվը, բայց ես դա արել եմ, իմ նպատակը ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, այլև առաջին հերթին Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Փաշինյանը:

Արևմուտքի միջնորդությամբ ձեռք բերված այդ պայմանավորվածություններից հետո, սակայն, Ալիևը հիմա մերժում է բանակցել Հայաստանի հետ Բրյուսելի կամ՝ Վաշինգտոնի միջնորդությամբ։ Ավելին, Լավրովի այսօրվա հայտարարություններից դատելով՝ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում։ Արդյոք դա նույն փաստաթուղթն է, որի շուրջ կողմերը վերջին ամիսներին բանակցում էին Արևմուտքում, կամ եթե Բաքուն պահանջում է դեմ առ դեմ հանդիպումներ, ինչո՞ւ է պայմանագրի ստորագրումը Մոսկվա տանում՝ Լավրովը չի հստակեցրել։ Փոխարենն ընդգծել է, որ չգիտեն՝ արդյոք հայկական կողմն էլ է պատրաստ Մոսկվա գնալ։ Ըստ Լավրովի, իրենք առաջարկն արել են, բայց դեռ պատասխան չեն ստացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից վերահաստատում են՝ նախընտրում են բանակցությունների ուղիղ ձևաչափը, Երևանը դեռ չի արձագանքում