Հայաստանում ԵՄ առաքելությունն այսօր իր 1500-րդ պարեկային այցն է կատարում սահմանամերձ շրջաններ, փոխանցում է առաքելության X-ի էջը՝ նշելով՝ հանձնարարված է տեղում դիտարկել ու զեկուցել իրավիճակը։
Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
2023-ի հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Այդուհանդերձ Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ առաքելություն