Մատչելիության հղումներ

Բաքուն Բորելին մեղադրում է կողմնակալության մեջ՝ կասկածի տակ դնելով Բրյուսելի միջնորդական դերը


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ» լինելու մեջ և պնդել, թե Բորելի «կեղծ հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը»:

Բաքուն այսկերպ պատասխանել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցչի մի շարք հայտարարությունների։ Բորելը վերջին երկու օրվա ընթացքում իր ելույթներում Ադրբեջանին կոչ է արել պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, շեշտել, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության ելքը վճռել է ռազմական ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով «մեկ շաբաթում 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և փախչել»։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերքել է Եվրամիության պաշտոնյայի պնդումները, դրանք որակելով «սխալ և իրականությունից լրջորեն կտրված»։

«Միևնույն ժամանակ, Բորելի նման կեղծ հայտարարությունները խաթարում են Եվրամիության միջնորդական ջանքերը և այդ ուղղությամբ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունը», - հայտարարել է Հաջիզադեն և կոչ արել ԵՄ դիվանագիտության ղեկավարին «վերջ տալ նման հրահրող և սադրիչ հայտարարություններին»։

XS
SM
MD
LG