Նոյեմբերին հանդիսավոր բացված Մարտունու ԲԿ-ն դեռ չի գործում. շինարարական թերացումներ կան

Նոր բազմապրոֆիլ բուժկենտրոն է շահագործման հանձնվել, վարչապետ Փաշինյանն է մասնակցել, Գեղարքունիքի մարզպետն ու առողջապահության նախարարը կարմիր ժապավենն են կտրել։

Գործադիրի ղեկավարը ծանոթացել է Մարտունու նոր բուժկենտրոնի պայմաններին։ Մյուս շաբաթ բուժառուների կընդունի՞ կենտրոնը, Անահիտ Ավանեսյանին հարցրել է Նիկոլ փաշինյանը։

Անպայման, չի ուշացել նախարարի պատասխանը։

Բացման այս հանդիսությունը նոյեմբերի 4-ին էր, երկուսուկես ամիս անց Մարտունու բուժկենտրոնը ոչ մի հիվանդի չի ընդունել, չի գործում։ Ինչո՞ւ, առողջապահության նախարարի մամուլի խոսնակի պարզաբանմամբ՝ ժապավեն կտրել չի նշանակում, թե հաջորդ օրվանից կենտրոնը պիտի շահագործվի։

«Մարտունու բժշկական կենտրոնը զրոյից նորովի կառուցված կենտրոն է, և բժշկական հաստատության ամբողջական գործարկման համար հին շենքից բուժծառայությունների տեղափոխումը որոշակի ժամանակ է պահանջում», - «Ազատությանն» ասաց Մարիամ Ծատրյանը։

Նախարար Ավանեսյանը երբ վարչապետին հավաստիացնում էր, որ ամենաշատը տասը օրից ամբողջական ծառայություններ կմատուցվեն, մի՞թե չգիտեր այս մասին, ավելին՝ նա կենտրոնը ներկայացրել է որպես ամբողջությամբ վերազինված՝ միայն մի սարք պիտի տեղափոխվի։

«Առայսօր Մարտունու բժշկական կենտրոնի դռները փակ են, որովհետև այնտեղ այնքան խորն են շինարարական խնդիրները՝ անորակ, որ հնարավորություն չունեն բերելու աշխատանքային տեսքի», - ասում է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա պնդում է՝ անորակ շինարարությունն է պատճառը, որ քողարկվել է հանդիսավոր բացման ժամանակ։ Նա բացումից մեկ օր առաջ սոցցանցի իր էջում լուսանկարներ էր տեղադրել ճաքած պատերի ու սալիկների տեսարաններով, ահազանգել, որ այն, ինչ բացելու եք, անորակ է։ Պնդում է՝ նկուղային հարկն էլ խոնավության մեջ է. - «Տեղեկություն ունեմ համակարգչային տոմոգրաֆի սենյակի հետ կապված, որտեղ այն աստիճան է խոնավության խնդիրը, որ ապարատն ուղղակի չեն կարողանում տեղադրել»։

Այս ծավալի շինարարության մեջ թերացումներն անխուսափելի են, հակադարձում են Առողջապահության նախարարությունից։

«Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից երաշխիքային մեկ տարվա ժամկետ է սահմանված, ավարտական ակտը տրամադրվում է նույնիսկ այդ մանր թերացումները շտկելուց հետո։ Մենք ամեն պահի լինելու ենք հետևողական դրանք վերացնելու հարցում։ Նույնը ակնկալում ենք մարզպետարանից, որին անմիջականորեն է պատկանում բուժկենտրոնը», - վստահեցրեց ԱՆ մամուլի խոսնակը։


Հանդիսավոր բացումից 74 օր անց շինարարական կազմակերպությունը բուժկենտրոնի տարածքում դեռ աշխատում է։ Բուժկենտրոնի տնօրենը ըմբռնումով է մոտենում թե՛ թերացումներին, թե՛ կենտոնի գործարկման ձգձգմանը։

«Մանր-մունր ավարտական ակտի հետ կապված հանձնաժողովը թերություններ ներկայացրել է, որ կարճ ժամկետում վերացնեն, որ տեղափոխվենք», - ասաց Անդրանիկ Հարությունյանը։

Բացման արարողության վերաբերյալ կառավարության տարածած տեսանյութում աշխատող բժշկական սարքեր են երևում, ավելին՝ առողջապահության նախարարը խոսում է ջեռուցման -օդափոխման թվային համակարգի մասին։ Պարզվում է, սակայն, շենքը մինչև այժմ հիմնական հոսանք չունի։

Բուժկենտրոնի շինարարը «Գևորգյան-Ներսիյան» ընկերությունն է։ Տնօրեն Եղիշե Գևորգյանը պնդում է՝ իրենց մեղքով չէ, որ ենթակայանից հոսանքի միացում դեռ չկա, պետական մարմինները թույլտվությունը նոր են տվել։ Ինչ վերաբերում է շինարարական թերացումներին և դրանով հանդերձ հանդիսավոր բացմանը, նույն հանդիսությանը մասնակցած Գևորգյանը խնդիր չի տեսնում։

Վերջին շաբաթներին կառավարության ղեկավարը շահագործման հանձնվող նոր կառույցներին ծանոթանալիս անձամբ ստուգում է կախիչ-ցնցուղների որակը, աշխատանքի որակը։ Ամիսներ առաջ Մարտունու բուժկենտրոնում այդպիսի փորձարկումներ չի արել, անտարբեր անցել է ծորակների կողքով ու միայն մի մահճակալի հենակ բացել-փակել։

«Առողջության իրավունք» կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ հրաշալի նախագիծը տապալել են ու փորձել ստեղծել հրաշալի աշխատանքի իմիտացիա՝ խաբելով։

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ու առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը վերջերս հեռացել են աշխատանքից։ Արդյոք «Մարտունու» ձախողման հետ այդ ամենը կապ ունի, նախարարի մամուլի խոսնակն ասաց. - «Նրանք իրենց սեփական դիմումի համաձայն են հեռացել, և այս մասով այլ մեկնաբանություն չունեմ»։

Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության վերազինման ծրագիրը Համաշխարհային բանկի 3.3 միլիարդ դրամով է իրականացվել։ Կենտրոնի աշխատակիցները հույս ունեն, որ նոյեմբերի 4-ի բացումից հետո գոնե փետրվարի 1-ին նոր շենք կմտնեն։