Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ Կիևին արևմտյան օգնության ցանկացած հետաձգում քաջալերում է Կրեմլին շարունակել ագրեսիան։
«Պուտինը չի պատրաստվում կանգ առնել: Նա ցանկանում է մեզ ամբողջությամբ գրավել»,- ասել է Զելենսկին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս կատարած այցի ժամանակ, - «Վերջին օրերին Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային ընդհանուր առմամբ 500 սարքով։ Մենք ոչնչացրել ենք դրանց 70 տոկոսը։ Հակաօդային պաշտպանության համակարգերը թիվ մեկ բանն են, որ մեզ պակասում է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիտվան Ուկրաինային 200 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի
Ռուսաստանում մինչ այդ կրկին սկսել են խոսել միջուկային զենքի մասին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարել է, թե ռուսական միջուկային զենքը մարտունակ վիճակում է։
«Հաշվի առնելով ռազմական սպառնալիքների և ռազմաքաղաքական ռիսկերի բնույթը՝ գերագույն գլխավոր հրամանատարը մեր առջև մի շարք առաջնահերթ և համակարգային խնդիրներ է դրել։ Առանցքայիններից մեկը միջուկային ռազմավարական ուժերի մարտունակության ամենաբարձր մակարդակի պահպանումն է, որն ապահովում է ռազմավարական հավասարակշռություն աշխարհում», - ասել է նա:
Վերջին ամիսներին վերցնելով նախաձեռնությունն ուկրաինական ճակատում՝ Պուտինը և նրա թիմակիցները գրեթե չէին խոսում միջուկային զենքից։ Երեկ Շոյգուն նաև ասել է, թե ուկրաինական ճակատում ռուսական զորքերը պահպանում են ռազմավարական նախաձեռնությունը և մեթոդաբար նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը։
Մինչդեռ, թեև անցած աշնանից ռուսական զորքերը հարձակման բազմաթիվ փորձեր են ձեռնարկել, լուրջ առաջխաղացում ճակատում չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բացառիկ գիշեր Ուկրաինայում՝ ռուսական դրոններ չեն հայտնվել
Արդեն երրորդ ամիսն է, ինչ ռուսական զորքերը լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում Դոնեցկի և Խարկովի մարզերում, սակայն ռուսական կողմը լուրջ առաջխաղացման մասին չի հայտնել։
Այս անհաջող հարձակողական գործողությունները հանգեցրին հազարավոր ռուս զինվորների մահվան և ավելի քան 400 զրահատեխնիկայի կորստի, գրում է գերմանական Bild-ը, հավելելով, թե ուկրաինական կողմը խելամտորեն և իրավիճակին համապատասխան հարմարվել է ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար։
Միևնույն ժամանակ հրատարակությունը նշում է. «Հասկանալի չէ, թե որքան ժամանակ Ուկրաինան կկարողանա պաշտպանվել նման ինտենսիվ հարձակումներից, կամ որքան կհերիքի այդ պաշտպանության համար առկա զինամթերքն ու սպառազինությունը»։
ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, մարտին կամ ապրիլին կկարողանա կատարել մինչև մեկ միլիոն հրետանային արկեր Ուկրաինային մատակարարելու պարտավորությունը, հայտարարել է ԵՄ կառավարության անդամ Թիերի Բրետոնը, գրում է Politico-ն:
Նպատակին հասնելու համար պաշտոնյան կոչ է արել ԵՄ երկրներին կրճատել զենքի արտահանումը այլ երկրներ և ճնշում գործադրել ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ մեծացնելու ռազմամթերքի ներքին արտադրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան և ՌԴ-ն կրկին հաղորդում են հիթիռակոծությունների մասինԲացի զենքից, Ուկրիանային նաև զինվորներ են անհրաժեշտ ռազմի դաշտում։ Ակնկալվում է, որ Ուկրաինայի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի զորահավաքային օրինագծի վերաբերյալ իր որոշումը, որով զորակոչի տարիքը կնվազեցվի մինչև 25 տարեկան:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նախօրեին ասել է, որ Գերագույն ռադան պետք է «որքան հնարավոր է արագ» փոփոխություններ ընդունի մոբիլիզացիոն օրինագծում։
Միևնույն ժամանակ այսօր Բրյուսելում Կիևի խնդրանքով տեղի է ունենում Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի չնախատեսված նիստ՝ կապված դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին ռուսական զանգվածային հրթիռային հարձակումների հետ։ Ուկրաինական կողմը հավելյալ ռազմական օգնություն է պահանջում դաշնակիցներից՝ օդը փակելու, քաղաքների ու ենթակառուցվածքների, խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Խորհրդի նիստից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դաշնակիցներին կոչ է արել «մոբիլիզացնել բոլոր առկա ուժերը՝ ուկրաինական հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար հենց հիմա»։
Մինչ այդ այսպես կոչված՝ «Գլոբալ հարավի» երկրների հետ ոչ Արևմուտքը, ոչ էլ Ուկրաինան չեն կարողանում պայմանավորվել։ Ուկրաինան, ըստ Bloomberg-ի, գաղտնի հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայում «Մեծ յոթնյակի» և «Գլոբալ հարավի» երկրների ներկայացուցիչների հետ, որին քննարկվել է Կիևի առաջարկած խաղաղության բանաձևը։ «Գլոբալ հարավը» չի հասկանում, թե ինչու չի կարելի համաձայնության գալ Պուտինի հետ, գրում է Bloomberg-ը։