ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի առավոտյան հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Բլինքենն ասել է, որ տարածաշրջանային երկրներից իր լսածները կիսվելու է Իսրայելի կառավարության հետ։
Անցած շաբաթավերջից պետքարտուղարը այցելել է Թուրքիա, Հունաստան, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան։
«Խոսելու շատ բան կա, մասնավորապես, առաջընթացի ճանապարհի մասին», - ասել է նա։
Տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ջանքերին զուգահեռ, Բլինքենը քննարկում է նաև Գազայի հատվածի ապագա կառավարման պլանները, որտեղ կարող են ներգրավել տարածաշրջանային արաբական երկրները։
Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Իսրայելին ցուցաբերած աջակցության համար և դատապարտել է Հարավային Աֆրիկային՝ Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքով Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնելու համար։
ԱՄՆ-ն այդ դիմումը համարել է ոչ օգտակար և ասել, թե Գազայի հատվածում ցեղասպանության գործողություններ չի նկատել։
Տասնյակ մարդիկ հավաքվել են այն հյուրանոցի մոտ, որտեղ Բլինքենը բանակցություններ է վարում և պահանջում են Գազայի հատվածում հրադադար հաստատել՝ պատանդներին ազատ արձակելու համար։
Իսրայելի տվյալներով՝ Գազայի հատվածում դեռ 132 պատանդ է պահվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել՝ արաբական երկրների առաջարկներով