Քերոբյան. «Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, արխիվ

Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ «չնայած իր մասնաբաժինը ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է», - այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Երկրորդը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ առաջին անգամն է իրականում այս ցուցակում», - նշեց նախարարը:

Որպես Վերին Լարսին այլընտրանք խոստացված լաստանավը, ըստ նախարարի, աշխատում է մի քանի ամիս: «Մեր գնահատմամբ՝ ինքը չի ապահովել բավարար լցվածություն կամ չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ, և մենք չենք կարողացել տեսնել, մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերությունները օգտագործում են այդ լաստանավը էնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք էդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ», - ասաց Վահան Քերոբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերին Լարսին խոստացված այլընտրանքը, ըստ կառավարության, կյանքի է կոչվում

Զարգացումները, ըստ նախարարի, ցույց են տվել, որ «մեր հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրների արտահանումը ակտիվացնելու ուղղությամբ»: «Մենք աշխատում ենք Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, բազմաթիվ այլ ուղղություններով, որպեսզի իրականում դիվերսիֆիկացնենք արտահանման ուղղությունները, ոչ թե մի ուղղության մեջ փորձենք գտնել այլ ճանապարհներ», - ասաց Քերոբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը ջանքեր է գործադրում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ․ Քերոբյան

Արտահանումը համախառն ներքին արդյունքի նկատմամբ, ըստ նախարարի, կկազմի 54,5 տոկոս: Նա հիշեցրեց, որ Կառավարության թիրախը 2021-26 թվականների ծրագրով այս ցուցանիշը 60 տոկոսի հասցնելն է: Ներմուծում/ՀՆԱ ցուցանիշը, ասաց Քերոբյանը, կազմում է 56,3 տոկոս:

«Կարող եք տեսնել, որ մեր մոտ արտաքին առևտրային սալդոն բավականին նեղացել է՝ բացասական է դեռ, բայց նեղացել է, ինչը թույլ է տալիս հուսալ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք նաև փոխել ընդհանրապես առևտրային սալդոյի էդ նշանը», - ընդգծեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: