Մատչելիության հղումներ

«Ռուս գործընկերների հետ քննարկում ենք նախաձեռնել». նախարարը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասին


«Այս շաբաթ մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք նախաձեռնել», հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը:

«Էկոնոմիկայի նախարարությունը և Եվրասիատնտեսական հանձնաժողովի մեր գործընկերները, ներքին շուկաների պաշտպանության հարցերով նախարար պարոն Սիմոնյանը և մյուս գործընկերները նախաձեռնել ենք քննարկում, որը պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որն առաջացրել է այսպիսի վիճակագրության փոփոխություն», - ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց` «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակումը և դրա հետ առկա տեղեկատվությունն ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից:

«Ռոսսելխոզնադզորը» այսօր հայտարարեց, որ արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։

Նշելով, որ վիճակագրությունը ցույց է տալիս, թե անցած ամբողջ տարվա ընթացքում 35 կամ 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել, Քերոբյանն ասաց՝ «համաձայն վիճակագրության պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետև այսպիսի ցածր վիճակագրություն է»:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը միտված է նրան, որպեսզի մենք արտադրենք բարձր ստանդարտների այնպիսի ապրանքներ, որոնք հնարավորություն ունենք արտահանելու տարբեր ուղղություններով:

Քերոբյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2024 թվականի համար 92 միլիարդ դրամ է, և «այդ միջոցներն ուղղված են, որպեսզի մեր ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական, ավելի մրցունակ, արտադրեն ավելի բարձրակարգ ապրանքներ, որը հնարավորություն կտա արտահանել ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև այլ շուկաներ»:

«Այս եղած իրավիճակը համարում եմ, որ լավ առիթ է, որպեսզի բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ», - նշեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG