Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։
«Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», - ընդգծեց Խանդանյանը:
Իրանի հետ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ պայմանավորվածությունից հետո Բաքուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար կորցրել է գրավչությունը»։ Բայց վերջին օրերին թե՛ ադրբեջանցի, թե՛ թուրք պաշտոնյաները ոչ միայն ակտիվորեն խոսում են միջանցք բացելուց, այլև պայմաններ առաջ քաշում։
Բաքվի պահանջը նախօրեին ձևակերպեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ժամկետներ նշեց, թե ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի 5 տարուց՝ մինչև 2029-ը թիվը։ Ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ կառավարությունը պաշտոնապես դեռ չեն արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն կրկին խոսում է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի, 100 հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը մինչև 2029-ը. թուրք նախարար«Ապաշրջափակման գործընթացը պետք է տեղի ունենա հստակ սկզբունքների վրա՝ երկրների իրավազորության, սուվերենության, հավասարության և փոխադարձության, ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի երկրների սահմաններին գործեն մաքսային ու մյուս բոլոր վերահսկողական մեխանիզմները անվտանգության համար՝ թե՛ բեռների, թե՛ քաղաքացիների անցման տեսանկյունից: Եվ, իհարկե, աշխարհում մաքսային ու սահմանային անցման տարբեր մեթոդներ են հատնի, որոնք նաև դյուրացված են, նաև որոշակի ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառում, որոնք քննարկելի, բանակցելի հարցեր են, բայց անխոչընդոտ անցումն, ինչպես փորձում են ձևակերպել, ընդունելի չէ Հայաստանի համար, որովհետև դա որոշակիորեն կրկին արտատարածքայնություն է ենթադրում իրենից, ինչը մեր սուվերենության խախտում է», - ասաց Խանդանյանը:
Ընթացակարգերի պարզեցման հնարավորությունից անցած տարեվերջին նաև վարչապետ Փաշինյանն էր խոսել՝ անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակում ենթադրող Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը«Փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ, այսինքն, այդ պարզեցումները պիտի լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և բոլոր երկրների տարածքում: Այս առումով մենք բավականին ճկունություն ունենք», - նշել է վարչապետը:
Թե ի՞նչ է ենթադրում պարզեցված ընթացակարգը, նախօրեին News.am-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չէր պարզաբանել, բայց և չէր բացառել՝ կրկին շեշտելով՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներով։
«Դրանք ավելի շատ տեխնիկական քննարկումներ են, բայց երբ որ հասնենք դրան, դրանք կարող ենք քննարկել: Ապաշրջափակման չորս սկզբունքները, որոնք նշեցի, դրանք համաձայնեցնելուց հետո, հրապարակային դրանց մասին հայտարարելուց հետո արդեն կարող ենք աշխատել նաև այդ պարզեցման մեխանիզմների շուրջ», - ասել է Գրիգորյանը:
Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքը» կողմերի միջև հիմնական տարաձայնություններից է արդեն երեք տարուց ավելի։ Պատերազմից հետո Ալիևը նույնիսկ սպառնում էր ուժով բացել այն։