Մատչելիության հղումներ

Թեհրանը ցանկանում է օր առաջ ավարտին հասցնել Իրանն ու Ադրբեջանը կապող նոր կամրջի շինարարությունը


Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարայի անցակետը, արխիվ
Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարայի անցակետը, արխիվ

Թեհրանը ցանկանում է օր առաջ ավարտին հասցնել Իրանն ու Ադրբեջանն իրար կապող նոր կամրջի շինարարությունն ու անցակետի կառուցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Վերջինիս կարծիքով՝ այդ նախագիծը կբարձրացնի տնտեսական և առևտրային համագործակցության մակարդակը ոչ միայն Թեհրանի և Բաքվի, այլև տարածաշրջանի երկրների միջև։

Իրանի նախագահի մատնանշած հավակնոտ այդ ծրագրի մեկնարկը տրվել է անցած օրերին։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշին անձամբ են մեկնել Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղ և մասնակցել Ադրբեջանից Իրան ձգվող կամրջի հիմնարկեքի արարողությանը։

Խոսքն առայժմ ավտոմոբիլային ճանապարհի մասին է․ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են համատեղ միջոցներով Արաքս գետի վրա կամուրջ, ինչպես նաև սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ կառուցել։ Կողմերի հաշվարկներով՝ մեկ տարուց շահագործման հանձնվելիք ճանապարհն ի վիճակի է օրական սպասարկել 15 հազար մարդու, ավելի քան 1000 ավտոմեքենա, և 30 ավտոբուս։

Թեհրանի համար նոր ճանապարհի շահագործումը կարևոր է իր տարածքով բեռնափոխադրումների ծավալների աճի տեսանկյունից, Բաքուն էլ այդ կամրջի կառուցմամբ ավելի հարմարավետ և լրացուցիչ ուղի է բացում դեպի Նախիջևան։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի խոսքով՝ նոր ճանապարհից կշահեն նաև տարածաշրջանի մյուս երկրները։ «Այս ճանապարհը կսպասարկի նաև տարանցիկ փոխադրումներ: Դա կարևոր է ինչպես Ադրբեջանի, Իրանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Դա տարածաշրջանի անհրաժեշտ ենթակառուցվածքն է: Արդյունքում՝ տարածաշրջանը կդառնա լոգիստիկ կենտրոն»․- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև 2007 թվականից մինչ օրս էլ գործում է ցամաքային ճանապարհ Իրանի տարածքով՝ միայն ավտոբուսների համար նախատեսված, սակայն վերջին տարիներին այն կորցրել է իր պահանջարկը։ Այժմ նոր ճանապարհը ոչ միայն հարմարավետ կլինի, այլև 60 կիլոմետրով կկրճատի ներկայիս 300-կիլոմետրանոց երթուղին։

Ուշագրավ է, սակայն, որ Բաքուն Իրանի տարածքով դեպի Նախիջևան հուսալի ճանապարհ է «ցրցամ տվել» ոչ թե անցած տասնամյակներին, այլ վերջին 1-2 տարիներին, այն էլ՝ Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» ստանալու պահանջներին զուգահեռ։

Ի դեպ, մասնագետները փաստում են՝ Իրանի տարածքով դեպի Նախիջևան ձգվող այս նոր միջանցքը, ըստ էության, Բաքվի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի կրկնօրինակն է՝ Իրանի տարածքով․ այս դեպքում Բաքուն ընդունում է Թեհրանի պահանջը՝ ճանապարհը պետք է գտնվի հյուրընկալ երկրի վերահսկողության ներքո, Հայաստանի նույն պնդումը, մինչդեռ, Բաքուն ու Անկարան մերժում են՝ պահանջելով արտատարածքային միջանցք։

Իրանով անցնող այլընտրանքային ճանապարհը նշանակո՞ւմ է արդյոք, որ Բաքուն հույսը կտրել է «զանգեզուրյան միջանցքից». Ադրբեջանից ասում են՝ ամենևին։ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի համոզմամբ՝ Ադրբեջանը պետք է ունենա երկու տարբերակն էլ․ դրանք, ասում է, պետք է միմյանց փոխլրացնեն։

«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը վերջին հաշվով հարցը կլուծեն հետևյալ կերպ․ և՛ Հայաստանի տարածքով, և՛ Իրանի տարածքով փոխլրացնող ուղիների անհրաժեշտություն կառաջանա։ Գործ ունենալով այնպիսի ոչ հուսալի գործընկերների հետ, ինչպիսիք Հայաստանն ու Իրանն են, նման փոխլրացումն ավելորդ չէր լինի։ Միաժամանակ մրցակցություն կառաջանա։ Հայաստանն ու Իրանը չեն կարողա բարձրացնել սակագները, կամ էլ մարդկանց և բեռների տեղաշարժի համար արհեստականորեն խոչընդոտներ ստեղծել։ Այնպես որ, ունենալ ճանապարհ թե՛ Հայաստանով, թե՛ Իրանով», - շեշտել է պատգամավորը։

Ադրբեջանցի տնտեսագետ Ֆարհադ Փերվիզի խոսքով, Բաքուն այժմ փորձում է մեծացնել տարածաշրջանի այդ թվում լոգիստիկ պոտենցիալը՝ միաժամանակ ստեղծելով այլընտրանքներ։

«Բոլորն են փորձում են նվազեցնել կախվածությունը մեկ տեղից, նույնն էլ մենք ենք անում. կգործի ինչպես Իրանով անցնող ճանապարհը, այնպես էլ Հայաստանով կանցնի ճանապարհ, եթե մի օր այնտեղ արթնանան և հասկանան շուկայական իրողությունները», - ասել է ադրբեջանցի տնտեսագետը։

XS
SM
MD
LG