Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ այս նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»։
«Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների մեր հարևաններին և գործընկերներին», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Թեհրանը տեսնում է, որ տրանսպորտի և տարանցման վիճակը օրեցօր բարելավվում է, իր հերթին ասել է Ռայիսին՝ շեշտելով՝ «միմյանց բավարարում են ոլորտում երկու երկրների շահերը, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր, նշվել է «3+3» ձևաչափի կարևորությունը։
Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի և Անկարայի բազմաթիվ հայտարարությունների՝ Երևանը մշտապես շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։ Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
Բաքուն օրերս հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։
Բաքուն ցանկանում էր «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։