«Ինչի՞ համար է օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ, եթե ոչ մի ձևով պատրաստ չեն դրան». քաղաքացիները դժգոհում են

Արդեն երրորդ օրն է Երևանի իշխանության նոր որոշումը ավտոկայանատեղիների նոր գների վերաբերյալ ուժի մեջ է, բայց տարակուսած վարորդները վճարման ու Ա, Բ գոտիները տարբերակելու մեթոդներ են փնտրում:

«Ինչի՞ համար է օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ, եթե ոչ մի ձևով պատրաստ չեն դրան: Ուժի մեջ կարա մտնի որոշումը, եթե կա ինչ-որ կահավորում, կահավորում չկա փաստացի, հիմա էդ ժամանակահատվածի համար ո՞նց են վերահսկելու», - ասաց քաղաքացի Մանյա Սարգսյանը:

Մանյա Սարգսյանը հենց որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից փորձում է մեկ տարվա համար վճարել ու մեքենան հանգիստ կայանել իր շենքի մոտ, որտեղ կարմիր գիծ է:

«Ոչ մի օնլայն հարթակ, application-ներ չունեն ինտեգրացիա, մինչև այսօր էլ չունեն ոչ մի վճարման ձևով, ես աքռայով եմ փորձել անել «Թելսել»-ով, որտեղ չկա ինտեգրացիա», - ասաց Սարգսյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին հարցրինք՝ մարդիկ ինչպե՞ս վճարեն, եթե ոչ թե ժամային այլ ամսվա կամ տարվա համար են ցանկանում վճարում անել:

«Մի շարք վճարային համակարգեր տեխնիկապես խնդիրներ ունեն, այդ պատճառով այս պահին միայն մի տեղով է հնարավոր վճարում իրականացնել և բանկերի միջոցով ու SMS տարբերակով», - պատասխանեց Կոստանյանը:

Մանյան, սակայն, հենց այսօր բանկում է փորձել վճարել. - «Այսօր մտա, որ վճարեմ, գոտիների մասին այստեղ տեղյակ չէին, չեմ վճարել»:

Հունվարի 1-ից Երևանի կենտրոնի 39 փողոցներում կայանելը տարեկան 160 հազար դրամ կնստի, մեկ ժամը՝ 300 դրամ. սա Ա գոտին է, Բ գոտում կայանելը տարեկան 24 հազար է, մեկ ժամը 200 դրամ... բա ո՞նց իմանանք Ա-ն ու Բ-ն, որտե՞ղ են գծանշումները, հարցնում է «Վարորդի ընկեր» կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը:

«Եթե փոփոխել են Ա և Բ գոտիներով, ապա պետք է քաղաքակիրթ երկրների նման ինչ-որ ձև տարանջատեին, որ վարորդները հասկանային՝ կարմիր գիծը Ա գոտի է, կապույտ գիծը Բ գոտի է: Ոչ մեկս չենք կարող ամեն օր կարդանք, տեսնենք որ փողոցն է, ոնց վճարենք: Լավ, մենք կարդացինք, վճարեցինք, բա տուրիստները ո՞նց իմանան՝ որը որ գոտին է, ոնց վճարեն», - ասաց Քեյանը:

Փողոց կա, օրինակ, Տիգրան Մեծը, կեսը Ա գոտի է, կեսը՝ Բ, վարորդները ինչպե՞ս կողմնորոշվեն, քաղաքապետարանից ասում են՝ այս պահին գոտիները տարբերակող ցուցանակներ են տեղադրում:

«Այս պահին որոշում է ընդունվել ու արդեն մի շարք փողոցներում տեղադրվել են ցուցանակներ, որպեսզի վարորդները ուղղորդվեն, թե պայմանական իրենք որ փողոցի վրա են, այսինքն, Ա գոտու վրա են կայանել, թե Բ, ըստ դրա էլ իրենց վճարումը կարողանան կատարել», - նշեց Հայկ Կոստանյանը:

Քաղաքապետի խոսնակի տեղեկացմամբ՝ Ա գոտին կարմիր, իսկ Բ-ն կապույտով առանձնացնելու համար գործադիրի որոշում է պետք, քանի այն չկա, ցուցանակները կտեղադրեն: Մինչև կիրակի Ա գոտու ցուցանակներն, ըստ Հայկ Կոստանյանի, տեղադրված կլինեն, Բ գոտին կապույտ ցուցանակներ կունենա մինչև հունվարի 11-ը:

Բայց որոշումը հունվարի 1-ից է ուժի մեջ՝ մի՞թե հնարավոր չէր վճարման մոդելը, գծանշումները ավարտել ու նոր գործարկել այդ նոր թվերը. չեն դադարում զարմանալ վարորդներն ու նրանց ընկերները։ Տիգրան Քեյանը վստահ է, որ այդ ցուցանակներն էլ մյուսների պես շուտով կգունաթափվեն, հետո կծածկվեն ծառերով տերևներով՝ փորձը ցույց է տալիս, որ ճանապարհային կահավորմանն առանձնապես չեն հետևում, մի հարցում էլ է վստահ՝ այս փոփոխությունը բոլորովին չի բեռնաթափի քաղաքի կենտրոնը:

«Իրանց առաջնային գումարն ա պետք լինելու, որովհետև իրենք գիտեն, որ մարդիկ ստիպված են լինելու ու ստիպված գնալու են վճարեն էդ փողը», - ընդգծեց Քեյանը:

Քանի դեռ վճարման լիարժեք մեթոդ ու գծանշումներ չկան, այսօր Կենտրոնի կարմիր գծերը հիմնականում զբաղված չէին։ Քաղաքապետարանից հաղորդագրություն են տարածել, տեղեկացնում են՝ երեկոյան 10-ից մինչև առավոտյան ինը կայանումն անվճար է, տուրքից ազատված են նաև էլեկտրամոբիլների վարորդները և հենաշարժողական խնդիրներ ունեցողները։

Ոչ մի բացատրություն, թե ինչո՞ւ է ուժի մեջ մտել մի որոշում, որի նախապատրաստական աշխատանքը դեռ տասը օր կձգվի։