Եվրամիությունը մշակում է, Հունգարիայի վետոն շրջանցելով, Ուկրաինային 20 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու ծրագիրը, եթե, իհարկե, Բուդապեշտի հետ համաձայնություն ձեռք չբերվի, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Financial Times-ը նշում է, որ ԵՄ բարձր վարկային վարկանիշ ունեցող երկրները կըստանձնեն ընդհանուր բյուջեի ֆինանսական երաշխիքները։ Դա հնարավորություն կտա Եվրահանձնաժողովին անհրաժեշտ գումար վերցնել կապիտալի շուկաներից՝ Ուկրաինային օգնելու համար։
Ի տարբերություն ԵՄ բյուջեից գումար հատկացնելուն՝ այս սխեման չի պահանջում ԵՄ բոլոր երկրների հաստատումը։
Դեկտեմբերի 14-ին Հունգարիան ԵՄ գագաթնաժողովում կրկին արգելափակեց Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնության հատկացումը։ ԵՄ-ն մտադիր է վերադառնալ այս հարցի քննարկմանը 2024-ի փետրվարի 1-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում։
Որպես մեկ այլ տարբերակ ԵՄ ղեկավարները դիտարկում են Ուկրաինային էժան կարճաժամկետ վարկեր տրամադրելու հարցը։ Այս եղանակով Ուկրաինան 2023 թվականին արդեն ստացել է 18 միլիարդ եվրո։ Սակայն այս դեպքում կպահնջվի ԵՄ երկրների մեծ մասի հավանությունը, նշում է թերթը։
ԵՄ-ի որոշումից է կախված Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) Ուկրաինային նոր՝ մոտ 900 մլն դոլարի տրանշի հատկացումը՝ բյուջեի դեֆիցիտը զսպելու համար գրում է Financial Times-ը։