Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի դիրքորոշումն է, որ որևէ հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խուսափելով միաժամանակ պատասխանել հարցին, արդյո՞ք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախը լուծարելու իր հրամանագիրը չեղարկելու համար պետք է նոր հրամանագիր ստորագրի։
Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին Շահրամանյանի հրամանագիրը դե յուրե ուժի մեջ կմտնի 5 օրից։ Օրերս՝ Շահրամանյանն արցախցի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ հայտարարեց, թե Արցախի իրավական դաշտում չկա փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
«Արցախը թղթով չի ստեղծվել, արյամբ է ստեղծվել ու որևէ թուղթ այն լուծարել չի կարող: ես կխուսափեմ խորհուրդներ տալ նախագահ Շահրամանյանին, թե ինչ կանեն Արցախի իշխանությունները, կարծում եմ, մենք դեռ կտեսնենք», - ասաց Մամիջանյանը:
Ի տարբերություն գործող իշխանության, ընդդիմադիր Հանրապետականի համոզմամբ՝ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել Հայաստանում՝ Արցախի հարցը միջազգային օրակարգում բաց պահելու համար։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, սակայն, Հայաստանում Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների գործունեությունը «սպառնալիք» և «ռումբ» են դիտարկում Հայաստանի անվտանգության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուծարման հրամանագրից հետո Շահրամանյանը Ստեփանակերտում բնակվող «Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ»«Հայաստանի պետականության և Արցախի հետագա գոյության համար ռումբ են Փաշինյանն ու այդ երեսփոխանները: Դրանից մեծ ռումբ պատկերացնել հնարավոր չէ», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Քանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հեռացվել իշխանությունից, Հայկ Մամիջանյանն ընդդիմության գործունեությունը ձախողված է համարում. - «Քանի դեռ մտնում ես Primeminister.am կայքը ու այնտեղ տեսնում ես հրաշագեղ լուսանկար, ընդդիմությունը ձախողվել է»:
ՀՀԿ-ն դեմ է արտահերթ ընտրություններին, իշխանափոխությունը տեսնում է փողոցային պայքարի արդյունքում
ՀՀԿ-ն խիստ դեմ է արտահերթ ընտրություններին, ինչպես 2021 -ին , այնպես էլ հիմա, և իշխանափոխության հնարավորությունը տեսնում է համաժողովրդական կոնսոլիդացիայի և փողոցային պայքարի արդյունքում։ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը իշխանափոխությունը պատկերացնում է խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նկատմամբ համաժողովրդական ճնշում գործադրելու միջոցով։ Սահմանադրության համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն առանց իշխող ուժի պատգամավորների աջակցության, ընդդիմությունը Փաշինյանին անվստահություն հայտնել չի կարող:
«Որպես գործիք, այո, լինելու է խորհրդարանական անվստահություն հայտնելու գործիքը, բայց այն հնարավոր է բացառապես փողոցային ճնշման միջոցով», - ասաց Հայկ Մամիջանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ այդ գործընթացը հիմա չեն նախաձեռնում, Հայկ Մամիջանյանն ասաց, թե Սահմանադրության համաձայն Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը պետք է քվեարկության դրվի խորհրդարան ներկայացվելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Հետևաբար, նախագիծը Ազգային ժողով կբերեն այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ իշխող ՔՊ-ն կմիանան իրենց նախաձեռնությանը։
«72 ժամվա պարագայում տապալվելու պարագայում, 6 ամիս շարունակ այդ գործընթացն անել չի կարելի, հետևաբար մենք դա կանենք միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք հաջողությանը», - նշեց Մամիջյանը:
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, որ առայսօր Հանրապետականը իշխանափոխությանն ուղղված որևէ գործընթաց չի նախաձեռնել, միայն աջակցել են ընդդիմադիր գործընկերներին. - «Հերթը ոնց որ թե մերն է»: