Մատչելիության հղումներ

Սամվել Շահրամանյանի խորհրդականը «Ազատությանը» տված հարցազրույցից ժամեր անց հեռացել է պաշտոնից


Վլադիմիր Գրիգորյան
Վլադիմիր Գրիգորյան

«Ազատությանը» երեկ տված հարցազրույցից ժամեր անց պաշտոնից հեռացել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Ֆեյսբույքան իր էջում Գրիգորյանը պատճառների մասին ոչինչ չի նշել, միայն գրել է, որ իր հարցազրույցը տարատեսակ շահարկումների տեղիք է տվել։

«Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։ Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական», - գրել է Գրիգորյանը։


Այսօր «Ազատության» հետ զրույցում Վլադիմիր Գրիգորյանը իր պաշտոնանկության պատճառների մասին խոսել չցանկացավ՝ խոստանալով մեկնաբանություններ տալ մի քանի օրից։

Շահրամանյանի արդեն նախկին խորհրդականը երեկ «Ազատությանն» ասել էր, որ Արցախը լուծարելու մասին Արցախի նախագահի հրամանագիրն այլևս գոյություն չունի, և դրա համար հիմք է հանդիսացել Շահրամանյանի՝ Երևանում հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Գրիգորյանի այս հայտարարությունից ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Սամվել Շահրամանյանը հանդիպել է հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ, քննարկել արցախցիները խնդիրները։

Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ Շահրամանյանն ընդգծել է, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:


Այս հայտարարություններից հետո իշխանական շրջանակներում քննադատության սուր ալիք բարձրացավ։ «Քաղաքացիական պայմանգարի» պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում դատապարտեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ զգուշացնելով Հայաստանում մեկ իշխանություն կա։

«Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես Հայաստանի օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները: Հայաստանում կա մեկ իշխանություն: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից: Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»,- Ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG