Ասկերանի վառելիքի պահեստի պայթյունից 3 ամիս անց դեռ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Ողբերգական պատահարի քննությամբ զբաղվող Քննչական կոմիտեից հայտնում են՝ սեպտեմբերի 25-ին 218 է քաղաքացի է զոհվել, 120-ը՝ վիրավորվել։
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պահեստում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 218 անձ, որոնցից երկուսը եղել են պահեստում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ, 31-ը եղել են զինծառայողներ, մյուսները քաղաքացիական անձինք են», - ներկայացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
ՔԿ խոսնակի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ պարզ չէ։
«3-ի ինքնությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել, որովհետև նրանց հարազատները կապ չեն հաստատել վարույթ իրականացնող մարմնին և հնարավոր չի եղել փորձաքննություն նշանակելու նպատակով նրանցից նմուշ վերցնել, ու Քննչական կոմիտեն հորդորում է հիմա բոլոր այն անձանց, ովքեր ունեցել են հարազատներ, որոնք դեպքի վայրում եղել են, պայթյունի պահին, հետո նրանց մասին տեղեկություն չունեն և այս ընթացքում կապ չեն հաստատել վարույթ իրականացնող մարմնի հետ, կապվեն Քննչական կոմիտե», - ասաց Աբրահամյանը:
Պահեստում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախնական տվյալներով՝ ավելի քան 400 հազար լիտր վառելիք է եղել։ Որտեղի՞ց այդ քանակությամբ վառելիք ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից Արցախում պայթյունի հետևանքով տուժած բոլոր անձինք արդեն Հայաստանում ենՆախագահ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ հայտնել է, որ պահեստը պատկանել է Պաշտպանության բանակին։ Դրանում պահեստավորված վառելիքը նախատեսված է եղել օգտագործել հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։
«Մինչև ռազմական գործողությունների պայմանները մենք ձգտում էինք չօգտագործել, որովհետև դա նախատեսված էր հենց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում օգտագործելու համար», - ասել է Արցախի նախագահը:
Շահրամանյանը պնդել էր, թե անվտանգության կանոնների խախտման հետևանքով է տեղի ունեցել պայթյունը։ Իսկ թե ովքե՞ր էին այդ ողբերգական պատահարի պատասխանատուները, չէ՞ր հսկվում արդյոք ահռելի քանակությամբ վառելիքի պահեստը, Արցախի նախագահն այդ հարցերին չէր անդրադարձել:
Պայթյունի ականատես Էրիկ Յախշիբեկյանն «Ազատությանը» պատմել էր, որ ստորգետնյա պահեստի տարածքում շատ կարճ ժամանակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել ու բոլորը՝ ով ոնց հասցրել՝ բենզին էր վերցրել։ Պայթյունի հետևանքով Էրիկը կնոջն էր կորցրել։
«Մի 5-6 տեղից ջրհորի նման վեդրոն քցում էին, պադվալից հանում: Ահավոր էր, օդը ծանր էր, չէին կարողանում շունչ քաշեին, ով դիմանում էր, մտնում հանում էր, աստիճաններ ա, իջնում էին, որ շուտ վերցնեն, դուրս գնա», - պատմել է Յախշիբեկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախից հեռանալու համար բենզին էր հարկավոր. Էրիկի կինը մահացել է Ստեփանակերտի պահեստի պայթյունիցՔննական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի ժամանակ տարածքում շուրջ 1000 քաղաքացի եղել։ Նրանց մի մասն արդեն հարցաքննվել է։
«Մահացած անձանց հարազատները, նաև վնասվածքներ ստացած անձինք ճանաչվել են վարույթով տուժվող, նրանց հետ անհրաժեշտ գործողություններ են իրականացվել, նշանակված են մի շարք փորձաքննություններ, բազմաթիվ անձինք են հարցաքննվել», - ասաց Գոռ Աբրահամյանը:
Արդյոք պայթյունի տարածքում Արցախի իրավապահները հասցրե՞լ են քննչական գործողություններ անել, արդյոք Հայաստանի քննչական կոմիտեն կկարողանա՞ ուսումնասիրել տարածքն ու հնարավո՞ր է պարզել պայթյունի բոլոր հանգամանքները, պատճառն ու պատասխանատուներին, Քննչական կոմիտեից հարցերն անպատասխան են թողնում՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։