Մատչելիության հղումներ

Արցախում պայթյունի ու ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 հոգու աճյուն է նույնականացվել. նախարար


Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ այդպես էլ չառանձնացնելով պայթյունից ու ռազմական ագրեսիայից մահացածների թվերը։

Ստորև ներկայացնում ենք հատված ասուլիսից.

«Գործընթացը շարունակվում է»

Մինչև օրս արդեն 40 աճյուն է նույնականացվել, բայց գործընթացը շարունակվում է, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի մարմին է նույնականացվել սեպտեմբերի 25-ից հետո։

«Արդեն շուրջ 100 պացիենտ դուրս է գրվել առողջացմամբ, ցավոք սրտի մեր հայրենակիցների վիճակը այրվածքներով բավական ծանր էր, և մենք ունեինք հիմնականում 50, 60, 70 տոկոսից ավելի մակերեսի այրվածքներ։ Ունենք դրական դինամիկա, և ծանր վիճակում գտնվող պացինետների մոտ էլ որոշակի առաջխաղացում ենք նկատում», - մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ գրեթե բոլորն ունենալու են ընթացիկ միջամտությունների կարիք, և որ պլաստիկացիան անվճար է լինելու այս քաղաքացիների համար։

Հարցին, թե արտերկիր ուղարկված պացիենտների բուժման ծախսերն էլ է պետությունը հոգալու, նախարար Ավանեսյանն ասաց, որ պետության հոգածության ներքո է արվում։

«Մոտ 40 հազար քաղաքացի կցագրվել է պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում»

Անդրադառնալով ՅՈւՆԻՍԵՖ-ի հայտարարությանը, որ Արցախից բռնի տեղահանված երեխաների մոտ հաճախ հոգեբանի մոտ դիմելու անհրաժեշտություն է նկատվում՝ նախարարն ասաց, որ տասը ամիս լինելով շրջափակման մեջ, ապա ռազմական գործողությունները բավականին սթրեսային իրավիճակ են ստեղծել։ Նա նշեց, որ նախարարության կայքում կան ուղեցույցեր, որոնցով ծնողները կարող են առաջնորդվել։

«Մեր մոբիլ թիմերը, որ շրջում են մարզերով, այցելում են բռնի տեղահանված հայրենակիցներին, իրականացնում են առաջնային զննում, նրանց մեջ կան նաև հոգեբաններ։ Այս գործընթացում նաև սոցիալական մարմինների հոգեբաններն են ներգրավված։ Արդեն մոտ 40 հազար քաղաքացի կցագրվել է պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում», - մանրամասնեց նա։

Ավանեսյանն ասաց, որ շրջափակման ընթացքում մարդիկ առողջության հետ կապված խնդիրներ են ձեռք բերել, բացթողումներ, քանի որ դեղորայք չի եղել, թերսնուցում է հաճախ եղել։ Քրոնիկ հիվանդություն ունեցողները, ըստ նրա, կարող են արդեն ՀՀ բժշկական հաստատություններից ստանալ հասանելիք բժշկական օգնությունը։

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները օգտվելու են ՀՀ-ում առկա պետական պատվերի ողջ ծավալից», - նկատեց նա։

Նա նաև հայտնեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կքննարկվի հավաստագրման ժամկետի երկարացման որոշման հարցը Արցախի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների համար։

XS
SM
MD
LG