Բերտան հարսանեկան զգեստը հագնելուց հետո ընդամենը 25 օր կին եղավ Գևորգի համար։ Հիմա աղջկա ձեռքում ամուսնու մատանին է, որ գտնվել է բենզինի պահեստի պայթյունի վայրում, գույնը մի քիչ մգացած է, բայց ներսի կողմում կարդացվում է գրառումը. - «Մեջը փորագրած ա իմ անունը»:
Ամուսնուց բացի, պայթյունի վայրում էին Բերտայի հայրը, երկու փոքր եղբայրները: Մահացան բոլորը. - «Խավար ա ուր նայում եմ, ինչի նայում եմ»:
Ընտանիքի 4 տղամարդիկ չկան։ Նրանց հուղարկավորել են նոյեմբերի 6-ին, բոլորի մասունքները նույնականացվել են ԴՆԹ հետազոտությամբ։
Զարինե Շահրամանյանի մեծ ընտանիքից հիմա դուստրն ու ավագ որդին են մնացել, որ վիրավորվել է 44-օրյա պատերազմում։
Սեպտեմբերի 20-ից հետո, ասում է, արդեն պարզ էր, որ ստիպված են հեռանալ Արցախից, 25 - ի առավոտյան լսեցին, թե ադրբեջանցիները բենզալցակայաններին վառելիք են բաժանել, պիտի ստանան, որ կարողանան հեռանալ Ստեփանակերտից:
Սեպտեմբերի 27-ին դուրս են եկել Ստեփանակերտից՝ հարազատներից որևէ մեկի մարմինն այդպես էլ չգտնելով ո՛չ հիվանդանոցներում, ո՛չ դիահերփձարանում։ Տիկին Զարինեն սկզբում հույս ուներ, որ գոնե ամուսնուն երևանյան բուժհաստատություններից մեկում կգտնի, բայց՝ ոչ:
Ընտանիքում վստահ են՝ ողբերգական պայթյունը, որ շուրջ 270 մարդու կյանք խլեց, պարզապես աղետ չէր, կազմակերպված էր:
Բենզինի պահեստի պայթյունի հետևանքնով զոհվածների ընտանիքները կարգավիճակ չունեն, նրանց համար ֆինանսական աջակցության առանձին ծրագիր չկա։ Տիկին Զարինեն որդու ու դստեր հետ վարձով են ապրում։ Ինչպե՞ս են ամեն ամիս վարձավճարը, որ փոքր գումար չէ, վճարելու, ինչպե՞ս են ապրելու՝ դեռ չեն պատկերացնում:
Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.