Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշումը կարող է լինել խաղաղության համաձայնագրից առանձին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր Լոնդոնում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը։ Խաղաղության համաձայնագիրը հրթիռների գիտություն չէ։ Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին», - ասել է Հաջիևը։

Սեպտեմբերի 19-ին Արցախից մնացած հատվածի վրա Ադրբեջանի բանակի հարձակման հետևանքով հարյուր հազարից ավելի հայեր բռնի տեղահանվեցին Հայաստան։ Արցախը հայաթափվել է։

Հաջիևն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո նրանց վերադարձի իրավունքը կապահովվի։ «Իրավական անորոշության կարգավիճակ մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ», - հայտարարել է նա՝ միաժամանակ նշելով, որ փոխադարձ իրավունքներ պետք է լինեն 1988 թվականից Հայաստանը լքած ադրբեջանցիների համար։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոուի հետ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների առաջընթացը։

Դեկտեմբերի 8-ին Թիմ Բարոուն հանդիպում էր ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը