Խաղաղության օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում, ԱԳՆ և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, օտարերկրյա դիվանագետների ընդունելությանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ակնհայտորեն նշանակում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն», - նշել է նա:
2023 թվականի մարտահրավերներից առանցքայինը նա Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն է համարել:
Ըստ նրա՝ տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց Փաշինյանն արձանագրել է, որ այդ գործողությունները տեսանելի չէին։
«Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր», - ընդգծել է նա։