Չնայած Բաքուն մերժեց սահմանից զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարծում է՝ հարցը դեռ օրակարգում է, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի պատասխանը, ըստ Ալեն Սիմոնյանի, վերջնական չէ: Խորհրդարանի ղեկավարը պարզաբանեց՝ հայկական կողմն առաջարկում է, որ զորքերը մեկ-երկու կիլոմետր հետ քաշվեն:
«Խոսքը չի գնում սահմանապահների մասին, մեր համար նախընտրելի կլինի, որ շփման գիծը կանգնած լինի սահմանապահը, և այդ տարբերակը ըստ իս դեռ ուժի մեջ է և առաջարկն օրակարգում է: Կարծում եմ, Բաքուն պետք է ևս մեկ անգամ դիտարկի այդ առաջարկն ու համապատասխան արձագանք տա», - ասաց Սիմոնյանը:
Եթե Բաքուն համաձայնի զորքերի հայելային հետքաշմանը, դա արդյոք կնշանակի՞, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից: Ազգային ժողովի նախագահն ասաց՝ այս առաջարկն այլ բանի մասին է:
«Խոսքը գնում է սահմանագծման ու լարվածությունն իջեցնելու համար և հնարավոր կրակոցներից ու բախումներից զերծ մնալու համար հետքաշման մասին», - ընդգծեց Սիմոնյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային ետ քաշելու՝ Երևանի առաջարկըՍահմանից զորքերի հայելային հետքաշման մասին պաշտոնական Երևանն առաջին անգամ խոսել է 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիքի մարզի Սև լճի տարածք, Բաքուն այդ ժամանակ չարձագանքեց:
Օրերս այդ մասին խոսեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով այդ հարցում Բաքվի հետ համաձայնության գալ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ոչ միայն չընդունեց այս առաջարկը, այլ պնդեց, թե ադրբեջանական զինուժը իր տարածքներում է կանգնած:
«Ադրբեջանական բանակը այդ սահմաններին է հասել ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքով կամ հրավերով, այլ՝ ազատագրել է իր տարածքները 30 տարվա արյունահեղությունից հետո և այսօր կանգնած է իր սահմաններին», - ասել է Ջեյհուն Բայրամովը:
Իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Բաքվի այս պնդումը հիմնազուրկ է համարում: Նրա կարծիքով՝ Ադրբեջանն իր բանակցային դիրքերն ուժեղացնելու պատճառով է մերժում հայկական կողմի առաջարկը, մինչդեռ եթե Բաքվի նպատակն իրական խաղաղությունն է, ապա պետք է համաձայնեն այս և հայտարարված մյուս սկզբունքներին:
«Իրանց մոտ ինչ-որ տարօրինակ բան է, որ քարտեզները չկան, դելիմիտացված չեն, իրականում ամեն ինչ էլ կա, և 91 թվականի Ալմա Աթիի հռչակագրով երկու հանրապետությունները անկախացել են իրենց վարչական, սովետական սահմաններով, որը կա», - ասաց Թորոսյանը:
44-օրյա պատերազմից հետո Բաքուն, հայկական կողմի տվյալներով, Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում օկուպացրել է շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Արսեն Թորոսյանը շեշտում է՝ եթե երկու երկրները ճանաչում են միմյանց սահմանները՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, ապա տարածքային ամբողջականությունը ողջ սահմանով պետք է վերականգնվի:
«Խոսքն ամբողջ սահմանի ընթացքով դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին է, ի դեպ, ոչ միայն Ադրբեջանը, այլև Նախիջևանի հետ: Այս կոնֆլիկտի ընթացքում՝ թե՛ թարմ ներխուժման ընթացքում, թե՛ 90-ականների ընթացքում եղած բախումների ժամանակ խախտված սահմանները պետք է վերականգնվեն», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:
2021 թվականից հետո Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժը ոչ միայն չի նահանջել, այլև կարճ ժամանակում ամրաշինական և շինարարական աշխատանքներ է իրականացրել։ Արդյոք սրանք ազդակներ չեն, որ անգամ սահմանազատման փուլում Բաքուն դուրս չի գա այդ տարածքներից: Թորոսյանը չի հերքում՝ նման մտահոգություն իշխանությունն ունի:
«Հենց այդ մտահոգության մասին ենք ասում, որ պետք է հստակ ամրագրվեն սկզբունքները և գրավոր ստորագրություններով հաստատվեն: Դրանում է ամբողջ բարդությունը, որ մինչ օրս չի ստորագրվել խաղաղության համաձայնագիրը», - ասաց Թորոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հույս ունի՝ Բաքվի հետ համաձայնության գալ նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում. ՄիրզոյանԻշխող ուժի պատգամավորի կարծիքով՝ միայն այդ սկզբունքների հստակ ամրագրման դեպքում հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից: Խաղաղության պայմանագրի կնքման պարագայում Երևանի համար կարևոր են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Խորհրդային միության վերջին քարտեզներով սահմանազատման և ինքնիշխանության հարգմամբ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման սկզբունքները։ Դրանից հետո արդեն, ըստ Արսեն Թորոսյանի, հնարավոր կլինի անցնել սահմանազատման աշխատանքներին: Ադրբեջանը մինչ օրս հստակ չի ասել՝ կողմ է արդյոք 1975 թվականի քարտեզներով սահմանազատմանը։
«Իրենք ուզում էին առնվազն և դա զգացվում էր հրապարակային խոսքում, հարցը թողնել բաց, բաց թողնելով վաղը կրկին սրում կամ էսկալացիա իրականացնելու՝ ամեն կոնկրետ բլրի կամ ձորի հարցը լուծելիս, ինչն անընդունելի է: Եվ չի կարող խաղաղության համաձայնագիրը կնքվել՝ թողնելով տեղ ապագա էսկալացիաների և կոնֆլիկտների, որովհետև էդ դեպքում իմաստ չունի կնքել», - նշեց Արսեն Թորոսյանը:
Երեկ Երևանն ու Բաքուն հաստատեցին սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը: Թե երբ է նախատեսվում հերթական հանդիպումը, դեռ պարզ չէ: Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, թե սահմանազատումը կարող է տարիներ տևել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն հաստատել են սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը