Մատչելիության հղումներ

Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում. ՀՀ ԱԳՆ


«Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում», - հայտարարում է Հայաստանի արգործնախարարությունը:

«Այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։ Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Ընդգծելով, որ մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք՝ ԱԳՆ-ը հայտարարում է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման գործելաոճի կանխման հստակ ուղերձ:

Նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, Արտգործնախարարությունը նշում է. - «Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները»։

Երևանն ակնկալում է, որ «տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG