«Լիովին անօգուտ քայլ»․ Մոսկվայի արձագանքը՝ Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ավելացմանը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստում հայ-ադրբեջանական կարգավորմանը և միայն կակտիվացնի լարվածությունը Անդրկովկասում, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիևի հիշատակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Միխայիլ Գալուզինը դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում «լիովին անօգուտ քայլ» է որակել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով։

«Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորման տեսանկյունից, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրված են եռակողմ համատեղ հայտարարություններով», - ասել է Գալուզինը։

Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ որոշել են ավելացնել Հայաստանում դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։

«Սա միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- նշել է Բորելը:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Հոկտեմբերին հաղորդվեց, որ Եվրամիությունը մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Նոյեմբերին ԵՄ արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը