Եվրամիության Արտգործնախարարների խորհրդի՝ այսօր Բրյուսելում անցկացվող նիստի օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակն է: Այս մասին նիստին նախորդած ճեպազրույցում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
Նրա համոզմամբ՝ հարկ է, որ Արտգործնախարարների խորհուրդն «այսօր հստակորեն հաստատի իր աջակցությունը Հայաստանին՝ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
Այդ համատեքստում Կոլոննան կարևորեց Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ուժեղացումը «մանդատով և միջոցներով», ինչպես նաև Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական մեխանիզմի միջոցով:
«Կարծում եմ՝ կարևոր է, որ այս ուղերձը մեր խորհուրդն այսօր ընդունի հստակորեն և վճռականորեն, ժամանակն է դա անել՝ մենք այդ մասին խոսում ենք արդեն մի քանի շաբաթ», - ընդգծեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: