Հաքան Ֆիդան. «ԱՄՆ-ը մենակ է մնացել Գազայի կարգավորման հարցում»

ԱՄՆ - Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի պետությունների շփման խմբի նիստի ժամանակ, Վաշինգտոն, 8-ը դեկտեմբերի, 2023թ.

ԱՄՆ-ը մենակ է մնացել Գազայի կարգավորման հարցում, ոչ ոք չի կիսում Վաշինգտոնի դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` մեկնաբանելով Պաղեստինյան անկլավում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արգելանքի ենթարկելու Միացյալ Նահանգների որոշումը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ մեր ընկերները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ոչ ոք չի կիսում ԱՄՆ-ի կարծիքը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասել է Ֆիդանը: Նրա մեկնաբանությունը հրապարակել է Anadolu լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ն օգտագործել է վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատրաստած մարդասիրական բանաձևի նախագիծը, որը պահանջում է «անհապաղ զինադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»։

Բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։

«Դրանից եզրակացնում ենք, որ ամերիկյան քաղաքական համակարգն այժմ անօգնական է Իսրայելի հետ կապված հարցերում: Հետևաբար՝ Իսրայելը գործում է անխոհեմ և շարունակում է բռնությունը պաղեստինցիների նկատմամբ», - ասել է Ֆիդանը, ով Վաշինգտոն է մեկնել Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի պետությունների շփման խմբի կազմում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում խմբի ներկայացուցիչները խոսել են Գազայում անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին:

«Շփման խմբի անդամները բազմիցս ընդգծել են Գազայի հատվածում հումանիտար ողբերգության և Իսրայելի կողմից անմեղ մարդկանց սպանության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Նրանք մատնանշել են իրավիճակի լրջությունը, նշելով, որ համբերության բաժակը լցվել է, և միանգամայն հստակ ուրվագծել են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել այդ ուղղությամբ», - ասել է Ֆիդանը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի շփման խումբը Միացյալ Նահանգներից կմեկնի Կանադա, ապա՝ Սկանդինավյան երկրներ: