Մատչելիության հղումներ

Գանց. «Ռազմական քարտեզին նկարված սլաքները երբեմն դառնում են նետեր ու խոցում մեր սիրելիների սրտերը»


Իսրայել - Գալ Էյզենկոտի հուղարկավորությունը, Հերցլիա, 8-ը դեկտեմբերի, 2023թ.
Իսրայել - Գալ Էյզենկոտի հուղարկավորությունը, Հերցլիա, 8-ը դեկտեմբերի, 2023թ.

«Համաս»-ի դեմ պատերազմում զոհվել է Իսրայելի նախարարի որդին:

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Գադի Էյզենկոտը դեկտեմբերի 8-ին վերջին հրաժեշտն է տվել իր որդուն՝ 25-ամյա կոմանդոս Գալ Մեյր Էյզենկոտին, ով Գազայի հատվածում սպանվել է «Համաս»-ի դեմ պատերազմում:

«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կառույց:

Կրտսեր Էյզենկոտն Իսրայելի հարյուր հազարավոր զինվորական պահեստայիններից էր և մոբիլիզացվել է հրեական խաղաղ ավանների վրա հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալների անսպասելի հարձակումից հետո:

Նա զոհվել է պատերազմի մեկնարկից ճիշտ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 7-ին, Թալ ալ-Զաաթար թաղամասում «Համաս»-ի փորած թունելում տեղադրված ռումբի պայթյունից:

Հայրը նրա մահվան մասին իմացել է շտաբում օպերատիվ հարցերի քննարկման ժամանակ:

«Մենք ամեն բան կանենք, որ հզորացնենք մեր գրոհները և պաշտպանենք մեր երկիրը, որը դու այդքան սիրել ես», - զսպելով արցունքները՝ հայտարարել է նախարարը զավակի դագաղի մոտ:

Սգո ժամին նախարարին եկել են սատարելու ռազմական կաբինետի ղեկավար, վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պատերազմից առաջ նրա ամենահայտնի քաղաքական մրցակիցներից Բենի Գանցը:

Գանցը և Էյզենկոտը պատերազմի մեկնարկից հետո են միացել Նեթանյահուի ղեկավարած ռազմական կաբինետին:

Նեթանյահուն, Էյզենկոտը և Գանցը նախկին հետևակայիններ են, ժամանակին զորախմբեր են ղեկավարել, մասնակցել են ռազմական գործողություններին:

«Երբ տեսա Գադիին, մտածեցի, որ նա չպետք է ապրեր այս վիշտը: Բայց ընկնում են նրանք, ովքեր սիրում են հայրենիքը, ովքեր դաստիարակվել են պաշտպանելու երկրի ապագան: Ռազմական քարտեզներին նկարված ուղղություններ ցույց տվող սլաքները երբեմն դառնում են նետեր, որոնք խոցում են մեր սիրելիների սրտերը», - ասել է Բենի Գանցը:

XS
SM
MD
LG