Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հաստատեց, որ կառաջադրվի 2024-ի նախագահական ընտրություններին։ Այս մասին նա ասաց Կրեմլում մի խումբ մարդկանց Ռուսաստանի պետական պարգևներ և շքանշաններ հանձնելու արարողության ժամանակ, երբ շփվում էր պարգևատրվածների հետ։
Օկուպացված Դոնեցկի խորհրդարանի խոսնակ, նախկին դաշտային հրամանատար Արտյոմ Ժոգան` մոտենալով նրան խնդրեց գնալ ընտրությունների։ Մյուսները ևս միացան այդ խնդրանքին ու Պուտինը հաստատեց, որ կառաջադրվի։
«Տարբեր ժամանակ այդ հարցով ես տարբեր մտքեր եմ ունեցել։ Բայց ես հասկանում եմ՝ այսօր այլ կերպ չի կարելի։ Այնպես որ կառաջադրվեմ Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար», - ասաց Վլադիմիր Պուտինը օկուպացված Դոնեցկի ներկայացուցչին։
Պուտինը առաջադրվելու մասին հայտարարեց ընտրությունների օրը Դաշնային խորհրդի կողմից որոշվելուց ընդամենը մեկ օր անց։ Ռուսաստանում նախագահական ընտրությունները անցկացվելու են 2024 թվականի մարտի 17-ին։
ՌԴ նախագահի հայտարարությանը իսկույն հաջորդել են Ռուսաստանի պաշտոնյաների արձագանքները՝ ողջունելով նրա որոշումը։
Նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հավաստիացրել է, թե «Հայրենիքի հերոսների օրվան» նվիրված միջոցառմանը Պուտինի հայտարարությունը կազմակերպված չէր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն«Նրան հարց են տվել և նա պատասխանել է։ Դա բացարձակապես ինքնաբուխ էր»,- ասել է Պեսկովը;
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը պաշտպանել է ղեկավարի որոշումը։ «Նախագահն արդեն ամեն ինչ ասաց։ Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, այն դրամատիկ շրջանը, որն ապրում է մեր երկիրը՝ այդ որոշումը լիովին տրամաբանական է և -ճիշտ։ Նախագահի պաշտոնում նրա աշխատանքը պետք է շարունակվի»,- ասել է Մեդվեդևը։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Տելեգրամի իր էջում գրել է․ «Այսօրվա նրա որոշումը խոսում է իր երկիրը սիրելու, այն ուժեղ և բարգավաճ դարձնելու ցանկության մասին, պաշտպանելու Ռուսաստանը մարտահրավերների ու սպառնալիքների ներկայիս ոչ դյուրին ժամանակում»։
Սա կլինի Պուտինի նախագահության 5-րդ ժամկետը, չնայած Սահմանադրությունը երկու ժամկետ է նախատեսում։ Առաջին անգամ նա Ռուսաստանի նախագահ դարձավ 2000 թվականին, այն ժամանակ նախագահության ժամկետը 4 տարի էր։ 2008-2012 թվականներին նրա նախագահությունը մեկ ժամկետով ընդմիջվել էր՝ նախագահ էր դարձել Դմիտրի Մեդվեդևը, իսկ վարչապետը՝ Վլադիմիր Պուտինը։ Ըստ էության նրանք իրենց պաշտոնները փոխանակել էին, որից հետո Պուտինը կրկին նախագահ դարձավ։ Հիմա արդեն Ռուսաստանի նախագահի պաշտոնավարման մեկ ժամկետը 6 տարի է։ Իսկ 2020-ի սահմանադրական փոփոխությունները Պուտինի առաջ ճանապարհ են բացել առաջադրվելու ոչ միայն 5-րդ, այլև 6-րդ անգամ՝ մինչև 2036 թվականը նա կարող է ղեկավարել Ռուսաստանը, քանի որ նրա նախագահության նախորդ ժամկետները պարզապես զրոյացվել են։
Your browser doesn’t support HTML5