2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը կվերընտրվի ձայների ավելի քան 90 տոկոսով։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր նախագահական ընտրությունները սովորական ժողովրդավարություն չեն, դրանք թանկ բյուրոկրատիա են: Պուտինը կվերընտրվի հաջորդ տարի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը», - թերթը Պուտինի մամուլի քարտուղարի խոսքերն այսպես է ներկայացրել։
Ինքը՝ Պեսկովն, ավելի ուշ RBC-ին ասել է, թե ամերիկացի լրագրողները «խեղաթյուրել» են իր խոսքերը։
«Ինչ վերաբերում է Պուտինի ընտրվելու փաստին, ապա ես անձամբ վստահ եմ դրանում՝ ելնելով Պուտինի շուրջ հասարակության համախմբվածության մակարդակից, այո, այդպես է։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա ընտրությունների մասին հարց կար, և պատասխանն այն էր, որ ընտրությունները, թեև դրանք ժողովրդավարության պահանջ են, և Պուտինն ինքը որոշել է դրանք անցկացնել, բայց տեսականորեն դրանք նույնիսկ կարող են և չանցկացվել, որովհետև արդեն ակնհայտ է, որ Պուտինը ընտրվելու է։ Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ըստ Սահմանադրության՝ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր է, ընտրությունները պետք է լինեն հավասար և գաղտնի։ Թեև ռուս պաշտոնյաները հաճախ քննադատում են ժողովրդավարությունը արևմտյան երկրներում, պաշտոնապես նրանք, այդ թվում՝ Պուտինը, շարունակում են խոսել Ռուսաստանի մասին՝ որպես ժողովրդավարական երկրի, որտեղ առաջնորդները որոշվում են ընտրություններով։
Ռուսաստանում նախագահական ընտրություններում ձայների ավելի քան 90 տոկոսը դեռ չի ստացել թեկնածուներից ոչ մեկը, այդ թվում՝ Պուտինը։ Չնայած խախտումների և կեղծիքների բազմաթիվ ապացույցներին, Ռուսաստանում ընտրությունների նման արդյունքները դեռ հազվադեպ են և առձանագրվել են միայն մի քանի շրջաններում, օրինակ՝ Չեչնիայում, կառավարամետ թեկնածուների կողմից:
Պուտինը դեռ պաշտոնապես չի հայտարարել 2024 թվականին հինգերորդ անգամ առաջադրվելու իր մտադրության մասին։
Meduza-ն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, սակայն, գրել էր, թե նախագահի աշխատակազմը որոշել է, որ 2024 թվականի ընտրություններում Պուտինը պետք է ստանա 80-ից ավելի տոկոս։
«Ներկայումս համաձայնագրի ստորագրման հիմքեր չկան»
Պեսկովը The New York Times-ին տված հարցազրույցում նաև մեկնաբանել է ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարները։ Նրա խոսքով՝ ներկայումս համաձայնագրի ստորագրման հիմքեր չկան, և Ռուսաստանը տեսանելի ապագայում կշարունակի «հատուկ գործողությունը»։
Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ձգտում է ավելի շատ ուկրաինական տարածքներ գրավել չորս կցված շրջաններից դուրս, նա պատասխանել է. - «Մենք ուղղակի ուզում ենք վերահսկել բոլոր այն հողերը, որոնք հիմա մեր Սահմանադրության մեջ գրված են որպես մերը»։
Ուկրաինայի տարածքների բռնակցումից հետո Ռուսաստանի Սահմանադրությունը Ռուսաստանի մարզերի ցանկում ներառել է ինքնահռչակ «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները», Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Ընդ որում այս տարածքներից և ոչ մեկն այսօր Ռուսաստանն ամբողջությամբ չի վերահսկում։