«2024 թվականի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին Վլադիմիր Պուտինը դեռ որևէ որոշում չի կայացրել», - այսօր, ռուսաստանցի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Հասկանալի է, որ այս թեման գնալով ավելի մեծ ուշադրության է արժանանում քաղաքագետների, մասնագետների կողմից: Այս հարցով դեռ ոչ մի որոշում չի կայացվել։ Պարզ է նաև, որ այդ որոշման ազդարարման պահը մոտենում է, սակայն հենց այն լինի, մենք կտեղեկացնենք ձեզ», - հայտարարել է Պեսկովը։
Այսօր մոսկովյան «Կոմերսանտը», նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով, տեղեկացրել էր, որ Կրեմլում արդեն իսկ աշխատում են այն նախաձեռնող խմբի ձևավորման ուղղությամբ, որը և պետք է առաջադրի Պուտինին նախագահի պաշտոնում։
Նախագահական հերթական ընտրությունները Ռուսաստանում պետք է կայանան 2024 թվականի մարտի 17-ին։ Դրանց անցկացման մասին պաշտոնական որոշումը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, պետք է կայացնի դեկտեմբերի 8-ից 18-ը ընկած միջակայքում։